6 հունիսի 2013 - 13:01 AMT
Շահան Քանդահարյան. Ներթուրքական ալիքը և հայկական հայեցակետեր ճշտելու պահը

Ներթուրքական նորագույն իրադարձությունները հանկարծակիության գործոնով մեկնաբանելը որոշակի առումով միայն իր բացատրությունը ունի: Բնապահպանական հարցերի առաջացրած այս տարողությունը ճիշտ է կտրուկ մագլցողականության և հանկարծակիության բնութագիրն է կրում, այսուհանդերձ պարարտ մի ենթահողի գոյության մասին է խոսում անպայման։ Այս մասին ասվում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի հոդվածում: Նա մասնավորապես գրում է. Դժգոհ հասարակության խճանկարը տարբաղադրելը և համապատկերի բաղադրամասերին ճիշտ սահմանումներ տալը թվում է, որ դժվար աշխատանք է: Բնապահպաններ, քաղաքացիական շարժման աշխույժ մասնակիցներ, երիտասարդական խմբավորումներ, ուսանողական առաջապահներ, բայց նաև ձախակողմյան գաղափարաբանության հավակնորդներ, ֆուտբոլասերներ, ազգայնականներ, ժողովրդավարացման համար պայքարողներ,աշխարհիկ կարգերի հետամուտներ, քեմալական ակունքներին վերադարձի պահանջ արծարծողներ և այդ բոլորի ետին խորքային պետության ուրվականի գոյությունը մատնացույց անողներ:

Երևութապես այս բոլորի շարժիչ գործոնները կարելի է համարել լաչակը, ալկոհոլը, ծառերը, հայկական նախկին գերեզմանատունը փոխարինած պարտեզի վրա զորանոց կառուցելու ծրագիրը, օդանավում սպասարկող կանանց վերաբերյալ սահմանափակումները, մզկիթների կառուցման նոր նախաձեռնությունները և կրոնական հիմունքի վրա առնված որոշումները: Անկասկած այս բոլորը հասարակական դժգոհության կարևոր պատճառներ են և ամենայն հավանականությամբ ընդվզման ալիքի կտրուկ բարձրացման համար նրանցից հիմնականը:

Սակայն, շարժումների նման տարողություն նվաճելը ինքնին արդեն բնույթի և ուղղությունների անցումների և տարբերությունների տեղիք է տալիս: Այսպես, բնապահպանման խնդիրներից արագ անցումը դեպի ընկերային պահանջներ, ընկերայինից դեպի տնտեսական և նույնքան սուր կերպով ժողովրդավարացման պահանջները՝ հասնելու համար ցուցարարների կողմից թուրքական դրոշի հրկիզում, նախանշում են, որ պահանջների, ուղղությունների արագ անցումներ են տեղի ունենում և շարժման կարմիր թելի տեսանելիությունն են մշուշապատում։

Այս ամբողջում ինքնության խնդիրները կամ ավելի մասնակի՝ ազգային փոքրամասնության իրավունքների առաջադրանքների հարցերը չեն երևում: Լուռ է նաև խորքային պետության հիմնական գրավականը՝ բանակը, որը մինչև որոշ տեղ կարող է հանգիստ հետևել իսլամականների իշխանության դեմ ծավալող շարժման դրսևորումներին:

Ճիշտ այստեղ է, որ հայկական հայեցակետերը ճշտելու համար, հայկական դաշտի քաղաքական մեկնաբանները ազգայնականության և զինվորականության գերակայության վտանգի կանխատեսումը կարող են նկատել։ Առանց մոռանալու, որ Թուրքիայի տարածքում ապրող հայ փոքրամասնության և հատկապես պոլսահայության քվեներն առանց անշուշտ կազմակերպվելու, ընդհանրապես բնազդային մղումներով կուղղորդվեն դեպի գործող իշխանությունները: Ներիշխանական տարբերություններ, չասելու համար հակասություններ ևս երևում են այս ամբողջում, հատկապես նախագահի և վարչապետի ցուցաբերած դրսևորումները նկատի ունենալով. այդ տարբերությունները նաև զգալի են դառնում երկու բևեռների նկատմամբ դժգոհ հասարակության ընկալելիության առումով: Հայտնապես առաջին թիրախը վարչապետն է այս դեպքում։ Հայկական վերլուծական հայեցակետերն անպայման նկատի կունենան տեղին հայ համայնքի պաշտոնական կառույցների, դասական մամուլի (որ այս դեպքում կարևոր է ոչ միայն իրադարձությունները լուսաբանելու, այլ նաև Թուրքիայից դուրս հայկական շրջանակներին ուղղակի-անուղղակի ուղերձներ փոխանցելու առումով) հրապարակումները: Ահա այստեղ գերխանդավառվելու, դիրքորոշվելու, շեփորելու կամ հսկայական արդյունքներ միանգամայն ձեռք ձգելու համոզումներ գոյացնելու հարկադրանքներ չեն ստեղծվում։

Բայց միաժամանակ պետք է անպայման նկատել, որ մեծ հավակնություններով տարածշրջան մուտք գործած նոր օսմանականները, շրջանային ուժի վերածվելու, հարևանների հետ բոլոր հարցերը զրոյական մակարդակի իջեցնելու և շրջանային տարողությամբ խաղի կանոններ թելադրելու արտաքին վարքագիծը կիրառելու դժվարությունների պիտի հանդիպեն, այս դեպքում ներքին պատճառներով: Այս համատեքստում ավելորդ չի համարվում նկատել, որ ներթուրքական ալեկոծումներին զուգահեռ Սիրիայում, միջազգային կենտրոնների իսկ վկայությամբ, արձանագրվում է կառավարական ուժերի առաջխաղացում: Խնդիրը բոլորովին այլ հարթություն կտեղափոխվի, եթե ինքնության հողի վրա ծավալվեն ազգաբնակչության ըմբոստություններ: Երբ տարանջատումը խորանա և ընդհարման հասնի ազգությամբ թուրք և քաղաքացիությամբ թուրքերի միջև:

Կանխահաս է խոսել թուրքական գարնան կամ Թուրքիայի սիրիականացման մասին: Կարևորը այն է, որ նոր օսմանականությունը ներքին պայթունավտանգ իրավիճակ է պարզում, որ առաջիկայում կարող է տեղի տալ անկանխատեսելի կացությունների առաջացմանը: Գուցե ոչ այնքան անկանխատեսելի, եթե հիշենք վերջերս ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի նախատեսությունը Թուրքիայի հավանական մասնատման վերաբերյալ` առաջիկա քսան տարվա ընթացքում: