Դիլիջանում կառուցվում է միջազգային և ոչ թե օտարալեզու դպրոց. Դպրոցի տնօրինություն

Դիլիջանում կառուցվում է միջազգային և ոչ թե օտարալեզու դպրոց. Դպրոցի տնօրինություն

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, և պարզաբանելով որոշ խոսակցություններ,Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրինությունը հրապարակել է դպրոցի մասին փաստեր և շեշտել, որ Դիլիջանում կառուցվում է միջազգային և ոչ թե օտարալեզու դպրոց:

Դպորցի տնօրինությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա՝ ստեղծելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան։

Դիլիջան միջազգային դպրոցի ծրագիրը ուղղված է նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, քաղաքի բնապահպանական կայուն զարգացմանը, լայնածավալ սոցիալական ծրագրերի իրականացմանը, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանը և դրանց հետագա զարգացման խթանմանը։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը` տիկնոջ հետ: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից: Վերջերս դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսը:

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 70%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Բացի դրանից սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։

Դպրոցի գործառնական ծախսերի գերակշիռ մասը ֆինանսավորվելու է նվիրատվությունների հիմնադրամի հաշվին։ Դպրոցի տարեկան գործառնական ծախսերը (2014 թ. սկսած) կկազմեն $3 մլն, և մոտակա 10 տարվա ընթացքում կաճեն մինչև $12 մլն., որոնց մեծ մասը (60%ը) կիրացվի Դիլիջանում։

Բացի շինարարության համար նախատեսված ծախսերից, ծրագրվում է հիմնել նվիրատվությունների հիմնադրամ (endowment fund), որի տոկոսային եկամուտները կուղղվեն կրթաթոշակների, գործառնական ծախսերի, դպրոցի զարգացման համար: Աշակերտների 70%-ին կրթաթոշակենրով շարունակական ապահովելու համար նախատեսվում է այդ հիմնադրամ հավաքագրել $250 մլն։

Հիմնադիրներից բացի, ծրագրին աջակցում է դոնորների միջազգային խումբ՝ Գագիկ Ադիբեկյան, Զիյավուդին Մագոմեդով, Օլեգ Մկրտչյան, Վիկտոր Վեկսելբերգ, Անդրեյ Դոնսկիխ, Ալիշեր Ուսմանով, Սուլեյման Քերիմով, Մարկ Կուրցեր, Դանիլ Խաչատուրով, Մայքլ Օբերմայեր, Անատոլի Չուբայս, Սամվել Կարապետյան, Անդրեյ Շառոնով, Սերգեյ Սարկիսով և ուրիշներ։

«Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը տեխնիկական հանձնարարական է մշակում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարելու համար: Հիմնադրամը նաև նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին՝ մշակութային և այլ միջոցառումներ անցկացնելու համար: Բացի այդ, հիմնադրամը ֆինանսավորում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար անգլերեն լեզվի դասընթացներ անցկացնելու համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---