17 հունիսի 2013 - 20:57 AMT
Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրիահայերին տեղափոխող ավտոբուսը

Այսօր՝ ժամը 16.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան – Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչից տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Ստացված տեղեկատվության համաձայն միկրոավտոբուսում եղել է 9 անձ, որոնց թվում ՀՀ քաղաքացիներ կան: Միկրոավտոբուսի տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայի Հանրապետությունում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: