«Հետազոտվիր և ապրիր» հանրային միջոցառման ընթացքում 150 մարդ հետազոտվել և իմացել է իր ՄԻԱՎ կարգավիճակը

«Հետազոտվիր և ապրիր» հանրային միջոցառման ընթացքում 150 մարդ հետազոտվել և իմացել է իր ՄԻԱՎ կարգավիճակը

PanARMENIAN.Net - Նախօրեին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Հետազոտվիր և ապրիր» հանրային միջոցառումը: 150 անցորդներ (յուրաքանաչյուրն ընդամենը 20 րոպեի ընթացքում) հնարավորություն են ունեցել հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- և ետթեստային խորհրդատվությունն իրականացվում էր վրաններում՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, իսկ հետազոտությունը՝ շտապ բժշկական օգնության մեքենայում, ինչի շնորհիվ ապահովվում էր հետազոտության գաղտնիությունը: Հետազոտությունն անանուն էր, անվճար և գաղտնի:

Միջոցառումն իրականացվում էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, Վորլդ Վիժն Հայաստանի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:

«ՄԻԱՎ ունեցող մարդը կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին, 8-10 տարի գործնականում առողջ լինել, չունենալ հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, և վարակը փոխանցել այլոց: Ահա թե ինչու չափազանց կարևոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ անկախ առողջական խնդիրների առկայությունից», - նշել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի վերոնշյալ ծրագրի համակարգող Նոնա Սարգսյանը:

Վորլդ Վիժն Հայաստանի «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի համակարգող Անուշ Սահակյանն էլ տեղեկացրել է, որ ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է այն մարդկանց միջոցով, որոնք չեն հետազոտվել և չգիտեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին: «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, ինչը չափազանց կարևոր է՝ անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, զուգընկերներին և ապագա երեխաներին չվարակելու համար: Ժամանակակից բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակը դարձել է քրոնիկ ընթացքով կառավարելի հիվանդություն: Բուժման պահից սկսած հիվանդի կյանքի տևողությունը կարելի է երկարացնել միnչև 35-40 տարի»,- ընգծել է Անուշ Սահակյանը:

Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Մեզանում շատերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը տարօրինակ և անսովոր է թվում: Ժամանակակից կյանքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամոթ չէ, այլ նախեւառաջ, սեփական առողջության մասին հոգալու դրսևորում է:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ օգտագոր¬ծել են թմրա¬մի¬ջոցներ նե¬րար¬կա¬յին ճանա¬պար¬հով, ունեցել են ռիսկային սեռական կապեր (երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը) առանց պահպանակի, երբևէ հիվան¬դացել են որևէ սեռա¬վա¬րակով, ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկեր, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C, կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---