Վահագն Չախալյանը Սահակաշվիլու և Մերաբիշվիլու դեմ նոր հայց է ներկայացնելու

Վահագն Չախալյանը Սահակաշվիլու և Մերաբիշվիլու դեմ նոր հայց է ներկայացնելու

PanARMENIAN.Net - Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետի ու պատգամավոր Գոգա Խաչիձեի դեմ դատարան նոր հայց է ներկայացնելու: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքական գործիչը:

«Ես խորհրդակցել եմ փաստաբանների հետ, մենք որոշեցինք, ոչ թե բողոքարկել դատարանի նախորդ որոշումը, որով մերժվել էր այդ գործիչների դեմ իմ առաջին հայցը քննության վերցնել, այլ նոր հայց ենք ներկայացնելու: Մենք որոշել ենք պահանջել, որ փոխհատուցման գումարը փուլ առ փուլ վճարվի, ոչ թե միանգամից»,- ասաց նա:

Նշենք, որ Չախալյանը նախորդ իր հայցում պահանջում էր հրապարակային ներողություն խնդրել իր մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար: Փաստաբանները նաև մոտ 22 մլն լարի փոխհատուցման պահանջ էին ներկայացրել: Նախորդ հայցը, որ ներկայացվել էր հունիս ամսին, քննության չէր վերցվել` պատճառաբանությամբ, թե պահանջը հիմնավորված չէ: Դատարանը նաև նշել էր, որ հայցվորը չի վճարել այն 3000 լարին, որը հայցը ներկայացնելուց պետք է վճարվեր, սակայն հայցադիմումում նշված էր, որ Չախալյանն օգտվում է Վրաստանի օրենսգրքով սահմանված այն դեպքից, երբ քաղաքացին կարող է գումարը վճարել դատական պրոցեսից հետո:

Հիշեցնենք, որ Չախալյանը նշված գործիչների դեմ հայց էր ներկայացրել, քանի որ նրանք Վահագն Չախալյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցրել, որոնք չեն ապացուցվել: Ըստ այդ մեղադրանքների՝ Չախալյանն, իբրև թե, ահաբեկել է վրացական եկեղեցու հոգևորականներին, ֆիզիկական բռնություն է կիրառել նրանց հանդեպ: Հիշեցնենք նաև, որ Վահագն Չախալյանը 2008-ի հուլիսի 21-ին ձերբակալվել էր։ 2009թ. ապրիլի 7-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Այս տարվա հունվարին Վրաստանում տարածված համաներման շրջանակներում դատարանը վերանայեց Վահագն Չախալյանի դատավճիռը և չորս ու կես տարի անց ազատ արձակեց նրան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---