Սերժ Սարգսյան. Մարդիկ դեռ հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է

Սերժ Սարգսյան. Մարդիկ դեռ հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել զեկուցված աշխատանքների վերաբերյալ, խոսել է նաև ՊԵԿ աշխատանքում ընդհանուր նպատակադրումների մասին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդակցության ժամանակ հնչած ելույթները մեկ անգամ ևս վկայում են, որ թե 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, թե խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում և թե՛ պետեկամուտների կոմիտեի գործունեությունն արդիականացնելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց կա: Նախագահը կարևորել է, անկախ դժվարություններից, ծրագրված լայնածավալ բարեփոխումների ուղղությամբ ՊԵԿ-ի հետևողական աշխատանքը, պետական բյուջեի մասին օրենքով կոմիտեի վրա դրված նպատակային ցուցանիշների ապահովումը և մատուցվող ծառայությունների կատարելագործումը:

Ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան:

«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,-ասել է Հանրապետության նախագահը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---