19 հուլիսի 2013 - 14:08 AMT
ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ն ստորագրել են վարկային համաձայնագիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը», - ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել համագործակցության արդյունավետ ռազմավարությունը, որն ուղղված է ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը և մասնավոր հատվածի զարգացմանը:

Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան պաշտոնավարման ընթացքում, ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության հաջող ընթացքից և անդրադարձել ՎԶԵԲ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ՓՄՁ զարգացման, գործարար միջավայրի բարելավման և մի շարք այլ ծրագրերին:

Երկուստեք կարևորվել են ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները: ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունն այդ գործընթացներում: Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարները ևս:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, մի կողմից, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ի դեմս բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, մյուս կողմից, ստորագրել են վարկային համաձայնագիր` Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ: Ստորագրվել է նաև Ծրագրի համաձայնագիր` Երևանի քաղաքապետարանի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետարանի անունից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության անունից` ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի անունից` բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:

Ըստ համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է Երևանի ջրային համակարգի օպերատոր` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից և աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը` բարելավելով ջրի հասանելիությունը և նվազեցնելով ջրի կորուստները: Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր: