Սումա Չակրաբարտի. ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել Հայաստանին

Սումա Չակրաբարտի. ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել Հայաստանին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի ավելի քան քսանամյա համագործակցությունը, որի ընթացքում, Հանրապետության ղեկավարի խոսքով, երկրի տնտեսության մի շարք ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին՝ ինչպես մասնավոր և ֆինանսական հատվածներում, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման առումով: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, Հայաստանի առաջնահերթություններին, տնտեսության զարգացման ներուժին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին:

ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, խոսելով մեր երկրի հետ բանկի երկարամյա արդյունավետ համագործակցության և դրա արդյունքում Հայաստանում իրականացված խոշորածավալ ներդրումների մասին, գոհունակությամբ է փաստել ՀՀ կառավարության հետ այսօր բանկի ստորագրած վարկային համաձայնագիրը, որը, ըստ նրա, փոխգործակցության հերթական լավ օրինակն է և ուղղված է Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանը:

Հանդիպման ավարտին ՎԶԵԲ նախագահը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը՝ ուղղված երկրի տնտեսության աճին, ենթակառուցվածքների և գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի կարողությունների ընդլայնմանն ու կարևորագույն այլ խնդիրների լուծմանը:, հայտնում են նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---