Բախշյան. Ռեկտորները քնեցին, երազ տեսան ու արթնացան վարձավճարները բարձրացնելու որոշումով

Բախշյան. Ռեկտորները քնեցին, երազ տեսան ու արթնացան վարձավճարները բարձրացնելու որոշումով

PanARMENIAN.Net - Հինգ բուհերի ռեկտորներ նախագահական ընտրություններց առաջ մի գիշեր քնեցին, երազ տեսան ու արթնացան վարձավճարները բարձրացնելու որոշումով: «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում նման գրառում է արել «Ժառանգություն» կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

«Տպավորությունս այնպիսին է, որ վարձավճարները բարձրացնելուց հետո բուհերը սկսել են գտնել թանկացնելու հիմնավորումները, որը մեղմ ասած, ազնիվ և համոզիչ չէ: Մասնավորապես ուսումնասիրել եմ ԵՊՀ-ի կանոնադրությունը, որը համարյա նույնն է բոլոր բուհերի համար: Իհարկե բուհի կառավարման խորհրդի լիազորությունների մեջ գրված չէ կոնկրետ վարձավճարների բարձրացման մասին որոշում կայացնելու կետը, որին հղում են անում ռեկտորները, սակայն գրված է, որ խորհուրդը քննարկում և հաստատում է բուհի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (կետ 16), իսկ բուհերի ռեկտորները չեն ներկայացրել 2013թ. սեպտեմբերց նախատեսվող բարձրացված վարձավճարների մուտքերը, ուրեմն այն խորհրդով չի հաստատվել, նաև Կանոնադրության 69-րդ կետում գրված է, որ բուհի եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են, սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան է, որը հաստատում է Կառավարման խորհուրդը: Նշանակում է, որ 2013 թ. հունվարին հաստատված նախահաշվով բուհերը չեն նախատեսել վարձավճարների բարձրացում, ուրեմն սա կամայական որոշում է վարձավճարները բարձրացրած բուհերի կողմից: Որպես Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամ վկայում եմ, որ հունվարին կայացած ՀՊՄՀ-ի խորհրդի նիստում նման առաջարկ չի եղել ռեկտորի կողմից և վարձավճարներն այս բուհում չեն բարձրացել:

Ցավոք, միայն բուհերը չեն, որ նման կամայական թանկացումների են գնում, նույնը եղավ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման պարագայում: Առանց պատշաճ հիմնավորման մեր երկրում թանկացվում են ապրանքները, ծառայությունները: Եթե հասարակությունն արձագանքում է, այսինքն կուլ չի տալիս թանկացումը, դրանից հետո սկսում են փնտրել հիմնավորումներ, որոնք ավելի են հաստատում թանկացման անտրամաբանական ու կամայական լինելը:

Կարճ ասած, ուսանողական վարձավճարների թանկացման հիմնավորումներն անօրինական են»,- գրել է Անահիտ Բախշյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---