Սեպտեմբերին «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի մինչև ժամը 19:00-ը

Սեպտեմբերին «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի մինչև ժամը 19:00-ը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-30-ը «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-19:00-ը: Ինչպես ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հունիսի 1-ից «ՏաԹևեր»-ը աշխատում էր ամառային ռեժիմով` ժամը 10:00-ից 20:00-ն: Այդ որոշումը կայացվել էր զբոսաշրջիկների աճող հոսքը բավարարելու համար:

«ՏաԹևեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղևորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---