10  Արցախը երկնքից

Անկախ Արցախը 22 տարեկան է

Անկախ Արցախը 22 տարեկան է

PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի հանրապետությունը նշում է անկախության 22-րդ տարեդարձը: Ուղիղ 22 տարի առաջ՝ 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ու Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանին հռչակվեց Արցախի անկախությունը ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում:

Օրվա առթիվ իր ուղերձում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի հանրապետության օրն «այն կարևորագույն պետական տոնն է, որը մենք ավանդաբար նշում ենք խորին հպարտության ու պատասխանատվության զգացումով: Հպարտություն` իր ազատությունն ու անկախությունը քաջ զավակների արյամբ նվաճած և այժմ էլ ապագան սեփական ձեռքերով կերտող մեր հերոսական ժողովրդի համար: Պատասխանատվություն` մեծագույն զոհողությունների գնով ձեռք բերած պետականությունն օր օրի ամրապնդելու, հայրենի հողը շենացնելու, սերունդներին ուժեղ ու զարգացած հայրենիք թողնելու համար»:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Արցախի բնիկ ժողովրդի կատարած ընտրության «իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:ԼՂՀ ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, և «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին»:

Ինչպես նշել է նախագահ Սահակյանը, Արցախի ժողովուրդը լի է «վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից պաշտոնապես ճանաչված բազմաթիվ երկրներ «կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով»:

ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեն անցկացվեց 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին: ԼՂՀ տարածքում 81 ընտրատեղամաս էր գործում: Ընտրելու իրավունք ունեին 132 328 քաղաքացի: Հանրաքվեի հարցը հետևյալն էր. «Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի համագործակցության ձևերըը այլ պետությունների և միությունների հետ»: Քվեաթերթիկները կազմված էին երեք լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն ու ռուսերեն: Դիտորդները չարձանագրեցին որևէ խախտումներ ոչ քվեաթերթիկների բաժանման կարգում, ոչ ընտրակեղծիքներ գտան, ոչ էլ խարդախություններ ձայների հաշվման գործընթացում:

Հանրաքվեին մասնակցեց 108736 մարդ, ինչը կազմում էր գրանցված ընտրողների 82,2 տոկոսը: Քվեարկությանը չմասնակցողների մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին:

«Այո» ասաց 108615 ընտրող (քվեարկությանը մասնակցողների 99,89 տոկոսը), «ոչ»՝ 24 մարդ (քվեարկությանը մասնակցողների 0,02 տոկոսը):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---