Մաքսային միությանը զուգահեռ Հայաստանը ձգտում է նաև ՇՀԿ՝ դեռևս դիտորդի կարգավիճակով

Մաքսային միությանը զուգահեռ Հայաստանը ձգտում է նաև ՇՀԿ՝ դեռևս դիտորդի կարգավիճակով

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, բայց դեռևս դիտորդի կարգավիճակով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր չինացի պաշտոնակից Լի Կեցյանի հետ հանդիպման ավարտին: Կեցյանը հայտարարել է, որ Չինաստանը հարցը կքննարկի ՇՀԿ իր գործընկերների հետ:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը ձգտում միանալ ՇՀԿ-ին, նշել է. «Հայաստանը մտնում է այսպես կոչված Մեծ Մերձավոր Արևելք, սահմանակից է Իրանին, և մասնակցությունն այդ ինտեգրացիոն ձևաչափին տրամաբանական է»: Ըստ նրա, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ակնհայտ է, որ Երևանը պետք է ընդլայնի այդ ինտեգրացիոն գործընթացը: Մաքսային միությունը՝ տնտեսական միավորում է, ՀԱՊԿ-ը՝ ռազմական դաշինք, իսկ ՇՀԿ-ն՝ ռազմաքաղաքական, ավելի ճիշտ՝ ռազմատնտեսական:

Հետևաբար, Հայաստանն այդ հայտարարություններով հաստատում է ինտեգրման ուղղությունը այն ձևաչափերին, որոնց մասնակցում է Ռուսաստանը, հավելել է Մարտինովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ միջպետական ձևաչափի անդամների ավելացումը, անշուշտ, կհանգեցնի կազմակերպության ամրապնդմանը: «Երկրորդը՝ ՇՀԿ-ն նրա համար էլ ստեղծվել է, որ միավորի Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Չինաստանը, Ռուսաստանը»,- ասել է Ալեքսեյ Մարտինովը:

Ինչպես գրում է ITAR-TASS-ը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովը, որն աշխատանքը սկսում է սեպտեմբերի 13-ին Բիշքեկում, խոստանում է հետաքրքիր լինել թե թեմատիկայով, թե ընդունվելիք որոշումների առումով: ՇՀԿ առաջնորդները քննարկելու են ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները, այլև իրավիճակը Սիրիայում: Բացի այդ, ակնկալվում է բեկում ռուս-իրանական հարաբերություններում:

Գագաթաժողովի օրակարգում կլինի նաև իրավիճակն Աֆղանստանում: ՇՀԿ-ն պետք է կարևոր դերակատարություն ունենա այդ երկրում իրավիճակի կայունացման գործում, հատկապես 2014 թվականից հետո, երբ Աֆղանստանից կհեռանան միջազգային կոալիցիայի զորքերը: Փորձագետները խոսում են ամենաբացասական սցենարների մասին, այդ թվում նաև այդ երկրի ապինտեգրման ու կառավարման կորստի վտանգի մասին: Հաշվի առնելով, որ Աֆղանստանը դիտորդի կարգավիճակ ունի ՇՀԿ-ում, այս կազմակերպության հարթակը կարող է լավագույնը լինել Աֆղանստանի ապագայի մասին քննարկման համար: Ընդ որում, ՇՀԿ բոլոր երկրները՝ ինչպես մասնակիցները, այնպես էլ դիտորդները, այս կամ այն ձևով հայտարարել են, որ մտադիր չեն միջամտել Աֆղանստանում ռազմական ասպեկտներին: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմական անվտանգության համար «գլխավոր պատասխանատուի» դերում հանդես կգան ՀԱՊԿ ուժերը: Իսկ ՇՀԿ տեղն ու դերը Աֆղանստանին աջակցելու գործում դեռ պետք է որոշեն այդ կազմակերպության առաջնորդները:

Իրավիճակը Սիրիայի շուրջ քննարկվելու է ինչպես ՇՀԿ գագաթաժողովում, այնպես էլ երկկողմ հանդիպումներում: «Կարծում եմ, Բիշքեկի ամփոփիչ հռչակագրում կարտահայտվի ՇՀԿ երկրների ընդհանուր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը: Որոշ փորձագետներ գնահատում են ՇՀԿ առաջիկա գագաթաժողովը որպես սիրիական հարցում «Մեծ ութնյակի» ու «Մեծ քսանյակի» գագաթաժողովների համար ռևանշ վերցնելու Մոսկվայի փորձը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվել էր եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Նախօրեին ԵՄ ընդլայնման հարցերով և Եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հանդես գալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ անդամակցությունը Մաքսային միությանը (ՄՄ) անհամատեղելի է ԵՄ Ազատ առևտրի գոտու հետ, որի շուրջ բանակցություններ էին ընթանում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ Ֆյուլեն հայտարարել է, որ Ասոցացման մասին համաձայնագիրն ու Առևտրի ազատ գոտու ձևավորումը համատեղելի են դիտորդի կարգավիճակի հետ ՄՄ-ում:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թվականին: Հիմնադիր անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Եվս չորս պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսը եւ Շրի Լանկան ապրիլի վերջից՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---