Այցելելով Երևան, Ստեփանակերտ ու Բաքու՝ Ուորլիքը Վիեննայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Այցելելով Երևան, Ստեփանակերտ ու Բաքու՝ Ուորլիքը Վիեննայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր, մասնավորապես, հակամարտության կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված քայլեր: Ըստ Ուորլիքի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաջորդ քայլը կլինի հանդիպումների կազմակերպումը Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանի շրջանակներում:

Անցած շաբաթ ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ԱՄՆ համանախագահն առաջին ճանաչողական այցը կատարեց Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Բաքվում Ուորլիքը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի ՄԽ-ն, նրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները միասին աշխատեն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար, ինչը խաղաղություն ու բարգավաճում կբերի տարածաշրջան: Նա հավելել է, որ անհամբեր սպասում է, թե երբ է սկսելու աշխատանքը իր ֆրանսիացի և ռուս պաշտոնակիցների հետ՝ հավելելով, որ «մտադիր է գործել իրատեսության ու պրագմատիզմի հիման վրա, որպեսզի երկու կողմերը գտնեն հակամարտության հաստատուն լուծումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին: Ուորլիքը նախագահ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:

Երևանից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահը ուղևորվել էր Արցախ: Նա հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր, կարևորվել է նաև Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

ԼՂՀ նախագահ Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է՝ հավելելով, որ գնալով այն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կոչ է արել համանախագահին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հարցին:

Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղում մասնակցել է դիտարկմանը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ասկերանի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

«Իրոք երջանիկ եմ, որ կարողացա այցելել ձեր գեղեցիկ երկիրը», - հայտարարել էր Ջեյմս Ուորլիքը Ստեփանակերտում: «Եթե մենք իրոք կարողանանք հասնել վերջնական խաղաղության, բնական է, որ պիտի զարգացնենք փոխադարձ վստահությունը բոլոր այն մարդկանց միջև, ովքեր ապրում են այստեղ»,- հայտարարել է ամերիկացի միջնորդը:

Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ է նշանակվել անցած ամիս:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---