Ինչո՞ւ է Բաքուն «առիթավորվել» ու «ձայն է բարձրացնում» միջազգային հանրության վրա

Ինչո՞ւ է Բաքուն «առիթավորվել» ու «ձայն է բարձրացնում» միջազգային հանրության վրա

PanARMENIAN.Net - Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններն ամեն անգամ հաստատում են այն, ինչը, մեծ հաշվով, ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ Ադրբեջանը մտադիր չէ նույնիսկ չնչին ջանք գործադրել ղարաբաղյան կարգավորման համար: Դրա հերթական ապացույցն է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուի վերջին հայտարարությունը: Նա շատ յուրօրինակ կերպով է մեկնաբանել միջազգային կազմակերպությունների պահանջը դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու վերաբերյալ: «Ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դա անել: Մենք հետ չենք տանի դիպուկահարներին մինչև պատերազմի ավարտը»,- ասել է նա:

Դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու պահանջով պարբերաբար հանդես են գալիս կարգավորման մեջ շահագրգիռ կազմակերպությունները, այդ թվում ԵԱՀԿ-ն, ինչպես կազմակերպության, այնպես էլ Մինսկի խմբի մակարդակով: Նման պահանջ են ներկայացնում նաև համանախագահներն ու ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահները:

Այդ պահանջի համար հիմք են հանդիսացել ադրբեջանական կողմի պաբերական սադրանքները: Սադրանքներ, որոնք, ցավոք սրտի, երբեմն կորուստների պատճառ են դառնում ինչպես Հայաստանի ու Արցախի ԶՈւ շարքերում, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում:

Ստացվում է, որ ադրբեջանական ղեկավարությունն ուղղակի թքած ունի համաշխարհային տերությունների պահանջների վրա: Կարելի է ակնկալել, որ այդ նույն տերությունները, ինչպես դա արդեն բազմիցս եղել է, լուռ կմարսեն դա:

Ադրբեջանը տարիներ շարունակ անպատիժ է մնում՝ խոչընդոտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, անտեսելով նույն Մինսկի խմբի այս և այլ կոչերն ու առաջարկները, օրինակ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման վերաբերյալ: Ադրբեջանը մշտապես ձախողում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, Ղարաբաղին ու Հայաստանին սպառնում պատերազմով, անասելի չափերի զենք ու զինամթերք գնում ու արտադրում՝ խախտելով բոլոր միջազգային նորմերն ու քվոտաները և այլն, և այլն:

Բնականաբար, նման ամենաթող անպատժելիությունն ազդում է չափի զգացողության վրա, և Բաքուն այս անգամ որոշել է նույնիսկ չձևացնել, թե պատրաստ է հանգուցալուծել հակամարտությունը, այլ նույնիսկ «ձայնն է բարձրացնում»: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ղեկավարության այդ լկտիությունը: Հնարավոր է, առաջիկա նախագահական ընտրություններով: Հնարավոր է, ազդել են վերջին զարգացումները, երբ Եվրոպան մի փոքր սառեց Հայաստանի հանդեպ Մաքսային միությանը միանալու վերջինիս որոշման պատճառով, և Բաքուն որոշեց օգտվել առիթից ու ցույց տալ, որ ձայնի իրավունք ունի:

Կապրենք՝ կտեսնենք. այս անգա՞մ էլ ադրբեջանական լկտիությունը կանցնի, թե գոնե հիմա տերությունները, որոնց անտեսում է Բաքուն, կորոշեն իր տեղը ցույց տալ մեծամտացած ու լկտիացած այդ հանրապետությանը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---