Զարուհի Փոստանջյանը հասկացա՞վ, որ Եվրոպայի առաջ խայտառակեց հայ ժողովրդին

Զարուհի Փոստանջյանը հասկացա՞վ, որ Եվրոպայի առաջ խայտառակեց հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - «Հայտնի է, որ դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության հետևանքով, փետրվարի 18-ին հայ ժողովրդի ձայները գողանալու հետևանքով: Այդ իսկ պատճառով չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքը»: Այսպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ տալով հետևյալ հարցը.

«Դուք եղե՞լ եք Եվրոպայում վերջերս կազինոյում, քանի որ Դուք հայտնի եք հասարակությանը որպես խաղամոլ, այնտեղ 70 միլիոն եվրո՞ եք կորցրել: Ո՞վ է տվել Ձեզ այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց: Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն է կազմել խաղատանը կորցրած գումարը»:

Հարցից հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունք ունի Եվրոպայում Հայաստանը ներկայացնող պատգամավորը Հայաստանի իսկ նախագահին, ի լուր ամբողջ Եվրոպայի, նման հարց տալու: Ի՞նչ կապ ունի նախագահի կազինոյում խաղալ-չխաղալը ԵԽԽՎ-ի հետ: Արդյո՞ք դա այն հարցն է, որը պետք է հնչեցնել ԵԽԽՎ ամբիոնից, ու արդյո՞ք դա այն հարցն է, որի պատասխանը հայ ժողովուրդը կուզեր լսել այդ նույն ամբիոնից: Կարծում եմ՝ այս հարցերը կարելի է ուղղել «Ժառանգություն» կուսակցությանը, դրանց ևս մեկն ավելացնելով՝ արդյո՞ք թե խմբակցությունում, թե կուսակցությունում տեղյակ են եղել, որ նման հարց է հնչելու, ու արդյո՞ք բոլորը համակարծիք են, որ այն տեղին էր:

Նախագահ Սարգսյանի պատասխանը հետևյալն էր.

«Ես խորապես համոզված եմ, տիկին Փոստանջյան, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին, ու դրանով հպարտ եմ: Ցավոք սրտի, Ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին: Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, Ձեր երևակայության հերթական արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի: Եթե նման հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կտայի, որ գոնե մի քիչ գոհ լինեիք, ու այդքան չարություն Ձեր մեջ չլիներ»:

Այստեղ դրված չէ լավ ու վատ, ժողովրդի կողմից սիրված-չսիրված, ընտրվաժ-չընտրված նախագահի հարցը: Բանն այն է, հարգելի տիկին Փոստանջյան, որ Ձեր իսկ պարտականությունները կատարելիս, հատկապես՝ Հայաստանի սահմաններից դուրս, պետք չէ մոռանալ, որ Դուք, ինչպես և երկրի նախագահը, խոսում եք հայ ժողովրդի անունից ու հարցերն ուղղում եք ևս հայ ժողովրդի անունից: Այս դեպքում Ձեր ելույթը լսող հայերի, համոզված եմ, մեծամասնությունը, գետինը մտան, որովհետև ամբողջ հայ ժողովրդի անունից Դուք հնչեցրիք այն հարցը, որը դժվար թե ժողովրդի մեծանամությունն ուզեր, որ հնչեր ի լուր Եվրոպայի:

Մոտս հարց է առաջանում՝ արդյո՞ք այսքան տարի լինելով պատգամավոր ու ելույթ ունենալով միջազգային տարբեր հարթակներում, դուք մինչև հիմա չեք հասկացել՝ ինչ հարցեր կարելի է հնչեցնել Եվրոպայում, իսկ որոնք զուտ ներքին հարցեր են: Չեմ մտաբերում, որ նման հարց առհասարակ հնչած լիներ Հայաստանի սահմաններում: Ու, վերջապես, մի մոռացեք, որ առանց այն էլ Հայաստանի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքն այլ պատճառով վերջին շրջանում այդքան էլ բարիդրացական չէ, իսկ Ձեր ելույթը կարող է նպաստել դրա էլ ավելի վատթարացմանը: Ու հարվածել հենց այն ժողովրդի վարկանիշին, որին դուք այդքան սիրում ու որի անունից այդքան չմտածված ելույթ եք ունենում: Վերջիվերջո, կան բազմաթիվ հարցեր, որոնք ոչ միայն չեն հետաքրքրում եվրոպացիներին, այլև պարզապես պետք էլ չէ Հայաստանի սահմաններից դուրս հանել, ինչը դուք այդքան հաջող արեցիք:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---