Թբիլիսոբան որպես անդարձ գնացածի կարոտ

Թբիլիսոբան որպես անդարձ գնացածի կարոտ

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում սկսվում է Թբիլիսոբան՝ ավանդական Քաղաքի օրը: Ավանդաբար տեղի կունենան ցուցահանդեսներ, համերգներ, զվարճալի այլ միջոցառումներ: Խոսք չկա, քաղաքի օրը պետք է նշել, բայց վատ չէր լինի, որ Վրաստանի մայրաքաղաքի իշխանություններն ավելի սերտ զբաղվեին քաղաքի արդիական խնդիրների լուծմամբ, թե չէ ստացվում է, որ Թբիլիսիի պատմական կենտրոնը նույնքան գեղեցիկ է ու նույնիսկ բարեկարգ: Բայց բավական է մի քանի քայլ առաջ անցնես և ոչ այնքան հաճո տեսարանի ականատես կդառնաս: Հայտնի թբիլիսյան բակերը կորցրել են նախկին գրավչությունը, տները փլուզման եզրին են, էլ չասած գրեթե չգործող կոյուղու մասին, որը գազապատ քաղաքին «բույրեր է» ավելացնում: Թբիլիսիի ավտոմեքենաները, հատկապես 20-ամյա վաղեմության տաքսիները, արտանետումների ինտենսիվությամբ կարող են մրցել մի փոքր գործարանի հետ: Քաղաքի պատմական թաղամասերը՝ Սոլոլակը, Վակեն, Հավլաբարը, մոռացության են մատնված, դրանք կփրկի միայն քաղաքի՝ որպես Կովկասի նախկին մայրաքաղաքի, պահպանության պետական ծրագիրը: Հակառակ դեպքում, մի քանի տարուց միայն հիշողություններ կմնան:

Մինչդեռ Թբիլիսին միշտ էլ գրավիչ քաղաք է եղել, իր անկրկնելի մթնոլորտով ու մարդկանցով, որոնց, արդեն վաղեմության գիրկն անցած այն ժամանակներում, ոչ ոք չէր տարանջատում ըստ ազգության: Այժմ քաղաքի բնակիչներից քչերը գիտեն, որ Ռուսթավելու (Գոլովինի) պողոտայի բոլոր տները կառուցված են հայ արդյունաբերողների ու բարերարների՝ Մանթաշևի, Արամյանցի, Մելիք-Ղազարյանցի միջոցներով…

Հոկտեմբերի 5-ին Մեյդանում (նախկին Երևանյան հրապարակ) ավանդաբար գինու հնձան կտեղադրվի, համերգ կլինի: Բայց հիմա գինու որակն այնքան էլ չի գոհացնում: Հիշում եմ, Թբիլիսոբայի տոնակատարություններից մեկի ժամանակ, 1977 թվականին ամբողջ քաղաքով մեկ գինով լի տակառաներ էին տեղադրված Վրաստանի տարբեր շրջաններից բերված գինով: Ի դեպ, այն բոլորովին անվճար էր, ով որքան ուզեր խմում էր: Իսկ Մետեխի ամրոցի մոտ բոլոր ցանկացողներին կերակրում էին: Այն ժամանակ տոնակատարությանը ֆայտոնով ժամանեցին Բուբա Կիկաբիձեն ու Նանի Բրեգվաձեն, նրանց ուղեկցում էին հայտնի կինտոները: Ավաղ, այս ամենն արդեն գրեթե չկա՝ ԽՍՀՄ փլուզումը, առճակատումը Գամսախուրդիայի ու Շևարնաձեի միջև, Սահակաշվիլիի պաշտոնավարությունն ի չիք վերածեցին հիանալի ավանդույթները, պահպանվեցին միայն արտաքին դրսևորումները:

Տոնը կավարտվի մյուզիքլով Եվրոպայի հրապարակում և Շարժման թատրոնի օդային շոուով Խաղաղության կամրջի վրա: Այդ ամենը, իհարկե, լավ է, հատկապես նախագահական ընտրությունների շեմին, բայց հիմիկվա Թբիլիսին մի քանի դրսևորումներ ունի, որոնք հարիր չեն Վրաստանի մայրաքաղաքին: Առաջին հերթին մուրացկաններն են: Երևանում չես տեսնի կենտրոնական պողոտայում քնած 5-ամյա երեխայի, կամ էլ մուրացիկ քահանայի, ինչը բնորոշ է Թբիլիսիին:

Նախկինում Թբիլիսին միշտ մի տեսակ տոնական էր, աղմկոտ, մի քիչ «անկարգ», բայց լիովին համապատասխանում էր Կովկասի մայրաքաղաքի հոգուն: Այս ամենից գրեթե միայն հիշողություններ են մնացել: Մարդիկ փողոցում մտահոգ են, մռայլ, հազվադեպ կտեսնես ժպտացողների, անգամերիտասարդների թվում:

Բայց, գուցե Թբիլիսոբան կարողանա վերադարձնել ժպիտները քաղաքի բնակիչներին, թեկուզ որոշ ժամանակով…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---