Գերմանացի դիվանագետ. Ադրբեջանցի փախստականները պատանդներ են և օգտագործվում են որպես ճնշման լծակ

Գերմանացի դիվանագետ. Ադրբեջանցի փախստականները պատանդներ են և օգտագործվում են որպես ճնշման լծակ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ընթացող «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» միջազգային գիտաժողովին մասնակցել է և ելույթ է ունեցել նաև Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Նա հիշեցրել է, որ 20-ականներին հայերը կազմել են Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը, հետո ԽՍՀՄ ժողովրդագրական քաղաքականության արդյունքում 80-ականներին այդ ցուցանիշը նվազել է մինչև 72 տոկոս: Գերմանացի դիվանագետը նշել է, որ ադրբեջանցի փախստականները պատանդներ են և օգտագործվում են քաղաքական նպատակներով: Նրանք չեն ինտեգրվում, այլ օգտագործվում են որպես ճնշման լծակ, հավելել է նա:

Անդրադառնալով գոյություն ունեցող հակամարտություններին՝ Շմիդտը նշել է, որ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձդնեստրի հակամարտությունները նույնական չեն: «Այդ հակամարտությունների կարգավորման համար ԵՄ-ն մշակել է միասնական Արևելյան գործընկերության քաղաքականությունը, հետո Ասոցացման անդամակցության քաղաքականությունը՝ փորձելով բոլոր երկրները մեկտեղել»,- ասել է նախկին դեսպանը՝ հավելելով, որ Շտուտգարտում Ադրբեջանի հյուպատոսը հրավիրել է գերմանացիներին մասնակցել այդ երկրում նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը: Սակայն ժամանակի մեծ մասն այդ դիտորդները անց են կացնում Բաքվի ակումբներում:

Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ այսօր համընդհանուր գիտակցում է հարկավոր, որ պատրաստի լուծումներ տարածաշրջանային խնդիրների համար չկան, դրանք բավականին երկար ժամանակ են պահանջում, երբ հարկավոր է ամենօրյա աշխատանք փոխզիջում գտնելու նպատակով, այդ թվում այն հարցում, թե ինչպես մի համապարփակ համակարգ մշակել, որը կկարողանա ապահովել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նման համակարգը միանշանակ բազմաշերտ բնույթ պիտի կրի, բազմակողմ ու բազմաբնույթ:

Ըստ նրա, հակամարտության կարգավորման ներկայիս մեխանիզմները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները դանդաղ ընթացող բանակցային գործընթացների յուրօրինակ խառնուրդ են, երբեմն ուղղակի արձագանք ծագող մարտահրավերներին՝ ոչ միայն քաղաքական կամքի սցենարների բացակայության, այլ նույնիսկ հանգուցալուծման հնարավորությունների բացակայության ֆոնի վրա: Դա վկայում է տարածաշրջանային անվտանգության ու կայունության ստեղծման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ լուծումների բացակայության մասին:

Հոկտեմբերի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում աշխատանքները սկսեց «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Գիտաժողովին ներկա են անվանի ու հեղինակավոր գիտնականներ՝ պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ և փորձագետներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Լիբանանից, ինչպես նաև Հայաստանից ու Արցախից։

Photo: Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic FB page
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---