«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն» առաջարկում է գործարարներին օգտվել առևտրի ֆինանսավորման գործիքներից Մեծ Բրիտանիայի շուկայում

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն» առաջարկում է գործարարներին օգտվել առևտրի ֆինանսավորման գործիքներից Մեծ Բրիտանիայի շուկայում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Երևանում աշխատանքն է սկսել «Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» սեմինարը: Այս անգամ սեմինարը կազմակերպել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համատեղ: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, ինչպես նաև Հայ-բրիտանական առևտրային պալատը: Ընդհանուր առմամբ, սեմինարին մասնակցում է շուրջ 40 ձեռնարկատեր:

Առևտրի ֆինանսավորման ակադեմիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին և նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի արտահանող և ներմուծող կազմակերպություններին բացահայտել առևտրի ֆինանսավորման ոչ ռիսկային գործիքների օգտագործման առավելությունները և անհրաժեշտությունը այսօրվա արագ փոփոխվող միջազգային առևտրային աշխարհում:

Լրագրողների հետ զրույցում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի շուկայի հետ համագործակցության համար առևտրի ֆինանսավորման լծակների օգտագործման ամենահեռանկարային ուղղություններն են, օրինակ, սարքավորումների ձեռք բերումը, օրինակ գյուղմթերքի վերամշակման համար:

Սեմինարի օրակարգում էին նաև հետևյալ հարցերը. «ո՞ւմ և ինչո՞ւ են հարկավոր առևտրի ֆինանսավորման ծառայությունները», «ինչո՞ւ բիզնես սկսել Մեծ Բրիտանիայի հետ», սեմինարների ընթացքում ներկայացվել են նաև առևտրի ֆինանսավորման գործիքները, մասնավորապես, դոկումենտար ակրեդիտիվները, բանկային երաշխիքները և այլն: Պետք է նշել, որ բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին գործարքներ կնքել նաև չինական յուանով:

Արամ Փինաջյանն ասել է, որ առևտրի ֆինանսավորման գործիքները թույլ են տալիս բանկի հաճախորդներին նվազեցել ռիսկերը միջազգային առևտրի ժամանակ, ինչպես նաև թույլ են տալիս հայ գործարարներին 30-50 տոկոսով նվազեցնել ծախսերը: Նա հավելել է, որ բանկը ակցիա է սկսել՝ առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելով 2013 թ. ապրիլից տարեկան մինչև 7 տոկոս տոկոսադրույքով: «Ակցիայի մեկնարկից սկսած մինչ օրս բանկը թողարկել է առևտրի ֆինանսավորման գործիքներ 6,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով»,-ասել է նա:

Իր հերթին բանկի Առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանը հավելել է, որ հաշվետու շրջանում 2012 թվականի սեպտեմբերի համեմատ բանկն ապահովել է առևտրի ֆինանսավորման ծավալների 31 տոկոս աճ: Դրամական արտահայտությամբ ընթացիկ տարում բանկը տրամադրել է 20 մլրդ ընդհանուր գումարի ֆինանսավորում, այդ ծառայությունից օգտվել է մոտ 40 հաճախորդ, գործարքի միջին չափը կազմել է 500 000 եվրո: Մինչև տարեվերջ բանկը մտադիր է տրամադրել առևտրի ֆինանսավորման նպատակով ևս 4 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը» հուլիսի 10-ին պարգևներ հանձնեց առևտրի ֆինանսավորման ոլորտի իր լավագույն 5 հաճախորդներին: Գլխավոր մրցանակը՝ ԳՐԱՆ ՊՐԻ-ն բաժին ընկավ - EUROTERM LLC ընկերությանը (Վահե Ղազարյան, կազմակերպության տնօրեն)՝ Տարվա լավագույն հաճախորդ: Այս անվանակարգում առաջադրված ընկերություններն ունեն առևտրի ֆինանսավորման ծառայությունների ամենաընդգրկուն պորտֆելները, համարվում են լավագույն բանակցող ընկերություններ, ինչպես նաև կիրառում են առևտրի ֆինանսավորման բազմապիսի գործիքներ` օգտվելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բանկերից թե Եվրոպական, թե Ասիական շուկաներում:

Միջազգային Առևտրի Մրցանակ ստացավ ALFA PET LLC (Սամվել Թումանյան, կազմակերպության հիմնադիր): Նորարարական Առևտրի Մրցանակի արժանացավ - PIRALYAN LLC (Հարություն Մինասյան, կազմակերպության գլխավոր հաշվապահ), որը ներկայացնում է Հայաստանում հայտնի կոշիկի Roberto բրենդը: Լավագույն նորեկ հաճախորդ է ճանաչվել MENTOR GRAPHICS DEVELOPMENT SERVICES CJSC (Իրինա Դումանյան, կազմակերպության տնօրեն): Միջազգային առևտրի համար մրցանակի արժանացավ HYTEXPlastic ընկերությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---