Թուրքիայի փոխվարչապետին Լոս Անջելեսում դիմավորել են բողոքի ակցիայով

Թուրքիայի փոխվարչապետին Լոս Անջելեսում դիմավորել են բողոքի ակցիայով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ի երեկոյան մոտ 200 մարդ էր հավաքվել բողոքի ցույցի ընդդեմ Լոս Անջելեսում Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի ելույթի Միջազգային հարաբերությունների խորհրդում: Ակցիայի կազմակերպիչն էր Հայ երիտասարդական միությունը (AYF):

Խորհրդի նիստը նվիրված է Թուրքիայի էկոնոմիկային ու արտաքին քաղաքականությանը՝ ներառյալ թուրք-ամերիկյան հարաբերություններն ու ապագա ներդրումները տարածաշրջանում: Զեկույցով հանդես է եկել Ալի Բաբաջանը:

«Մենք, որպես ԱՄՆ քաղաքացիներ, որոնք գնահատում են խոսքի ազատությունը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, չենք կարող թույլ տալ, որ տնտեսական արժեքները գերակշռեն: Մենք՝ ԱՄՆ ժողովուրդը, կտրականապես դեմ ենք այն կառավարություններին, որոնք սիստեմատիկաբար անտեսում են մարդու իրավունքներն ու կրոնական անհանդուրժողականությունը: Թուրքիայի կառավարությունը չի հարգում և չի կիսում այն արժեքները, որոնք մենք գնահատում ենք որպես անխախտելի ու հիմնարար ամերիկյան հասարակության համար: Խախտումների անվերջ ցուցակում, Թուրքիայի կառավարությունը մեղավոր է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ, որի հետևանքով 1,5 մլն հայ զոհվեց և ոչնչացվեց Օսմանյան կայսրության ամենահին մշակույթներից մեկի ներկայությունը: Դա XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որը հիմք ծառայեց հետագա ոճրագործությունների համար, ներառյալ Հոլոքոսթը: Չնայած նրան, որ աշխարհի բոլոր պատմաբանները Հայոց ցեղասպանությունը համարում են XX դարի առաջին ցեղասպանություն, Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել իր պատասխանատվությունն այդ հանցագործության համար»,-ասվում է AYF հայտարարության մեջ:

Ինչպես գրում է TRT-ն, Բաբաջանն իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիան չտուժեց 2009 թ. ճգնաժամից անհրաժեշտ միջոցներ ժամանակին ձեռնարկելու շնորհիվ: Ըստ նրա, Թուրքիայի բանկերը դիմակայեցին ճգնաժամին: Շեշտը դնելով ԱՄՆ ու Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների վրա՝ Բաբաջանը հիշեցրել է Թուրքիայի շահավետ աշխարհագրական դիրքի մասին և ասել է, որ Ստամբուլը հավակնում է դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն:

Հայ երիտասարդական միությունը (AYF) ՀՅԴ երիտասարդական թևն է, ստեղծվել է 1933 թվականին, բաժանմունքներ ունի ԱՄՆ, Կանադայի ու Ավստրալիայի համալսարաններում: ՀՅԴ-ն ստեղծվել է 1890 թվականին Թիֆլիսում:

Photo: neontommy.com
Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---