102-րդ ռազմակայանի հրամանատարի հարցազրույցը. Ռուսաստանի ակնա՞րկն է Ադրբեջանին չլկտիանալ և նույնիսկ չմտածել պատերազմի մասին

102-րդ ռազմակայանի հրամանատարի հարցազրույցը. Ռուսաստանի ակնա՞րկն է Ադրբեջանին չլկտիանալ և նույնիսկ չմտածել պատերազմի մասին

PanARMENIAN.Net - Բազմիցս է գրվել այն մասին, որ համաշխարհային հանրության թողտվությունն ուղղակի ստիպում է Ադրբեջանին «գնալով լկտիանալ»: Ադրբեջանական կողմը մշտապես դիվերսիաներ է կազմակերպում, խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում է հայկական զինված ուժերի դիրքերը, ինչպես նաև հայկական սահմանամերձ շրջանները: Արդյունքում տուժում են ոչ միայն զինծառայողներ, այլ նաև խաղաղ բնակիչներ: Միայն 2012 թվականին ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտվել է 14 հազար անգամ: Ադրբեջանը նաև մշտապես խոչընդոտում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կոչերն ու պահանջները, ընդ որում բոլոր մակարդակներով: Բաքուն մշտապես ռազմաշունչ հայտարարություններով է հանդես գալիս, պատերազմով է սպառնում Հայաստանին ու Ղարաբաղին և հսկայական քանակի զենք է գնում ու արտադրում՝ խախտելով բոլոր միջազգային քվոտաները:

Համաշխարհային հանրությունը Ադրբեջանի այդ քայլերին ոչ մի կերպ չի արձագանքում: Հերթական միջադեպից հետո, այն էլ ոչ ամեն անգամ, ԵԱՀԿ ՄԽ-ն դեկլարատիվ հայտարարություններ է անում արդեն հռետորական դարձած «հրադադարի ռեժիմը պահպանելու», «վստահության մթնոլորտ ձևավորելու մեխանիզմներ մշակելու» կոչերով:

Սակայն, կարծես թե, գոնե համանախագահներից մեկի՝ Ռուսաստանի համբերությունը սպառվում է: Ինչը տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ այս պայմաններում պատերազմը Հարավային Կովկասում բազում չլուծված խնդիրների առկայության պարագայում շահավետ չէ Ռուսաստանին: Այդ համատեքստում օրերս «Կրասնայա զվեզդա» ռուսական թերթում հրապարակված Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հարցազրույցը կարելի է գնահատել որպես ակնարկ Ադրբեջանին՝ չափը չանցնել, չէ որ, ոգևորվելով Բաքուն կարող է հանկարծ հավատալ իր «անպարտելիությանն» ու որոշել ռազմական գործողություններ սկսել:

Իր հարցազրույցում Անդրեյ Ռուզինսկին մասնավորապես հայտարարել է, որ «եթե Ադրբեջանն որոշում կայացնի ուժային միջոցով վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է մասնակցել ռազմական հակամարտությանն ըստ ՌԴ պայմանագրային պարտավորությունների ՀԱՊԿ շրջանակներում»: Ըստ նրա, ռազմաքաղաքական իրավիճակը ռազմակայանի պատասխանատվության գոտում անհանգիստ է մնում և բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, «կապված հակամարտության գոտում դիմակայության թեժացման հավանականության հետ»: «Ռազմակայանը անհապաղ գործարկման մշտապես պատրաստ միավորում է: Ուժերի առկա ծավալը թույլ է տալիս հաջողությամբ լուծել խնդիրները: «Հայատանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտական կազմի առանձնահատկությունն է զենիթային հրթիռային դիվիզիոնի առկայությունը, որը հագեցած է С-300В ԶՀՀ-ով, զենիթահրթիռային դիվիզիոնը, որը զինված է ԲՈւԿ-Մ1-2 ԶՀՀ-ով, «Սմերչ» ռեակտիվ հրետանային համակարգն և ՄիԳ-29 մարտական ինքնաթիռներով հագեցած ավիաբազան»,- ասել է գնդապետը:

Բաքուն հետաքրքիր և ինչպես միշտ ադեկվատ չարձագանքեց հարցազրույցին՝ անվանելով այն «կեղծիք ու սադրանք»: Մասնավորապես Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարեց, որ «այդ հարցերում չի կարելի վստահել հայկական ԶԼՄ-ներին, քանի որ վերջերս ճիշտ հակառակ հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը հայտարարեց, որ ղարաբաղյան գատում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հարցը երբեք չի քննարկվել»: «Ուստի, կարծում եմ, որ դա ռուս գնդապետի հայտարարության հայերի մեկնաբանությունն է»,-ասել է նա:

Առաջինը, «Կրասնայա զվեզդա» թերթը երբեք հայկական ԶԼՄ չի եղել, հանդիսանալով ՌԴ ՊՆ տպագիր մարմինը: Եվ հարցազրույցն էլ, ի դեպ, հրապարակվել է ռուսերեն լեզվով, իսկ հայկական ԶԼՄ-ներն այն ուղղակի արտատպել են:

Երկրորդը, Ռուզինսկին ոչինչ չի ասել խաղաղապահների մասին, այլ միայն Ռուսաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողների մասին, տարբերությունն ակնհայտ է:

Ռասիմ Մուսաբեկովը, տարվելով սեփական մեկնաբանությամբ, հասավ նրան, որ «ռուս գնդապետը կարող է ուղղակի ոչ իրավասու լինել ու կաշառված հայ մարդու կողմից և կարող է բաներ ասել, որոնք դուրս են նրա լիազորությունների սահմաններից»: Հազիվ թե անիրավասու մի մարդու նշանակեին ռազմակայանի հրամանատարի պաշտոնում: Հայերի կողմից ռուս գնդապետին կաշառելու վարկածը նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա, ուղղակի ծիծաղելի է:

Եվ հետո, «Կրասնայա զվեզդան» այն պարբերականը չէ, որտեղ կարող էր ոչ ստույգ տեղեկատվություն հայտնվել այն էլ ոչ իրավասու մարդուց, որովհետև դա առաջին հերթին կհեղինակազրկեր ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Այնպես որ, հավանաբար, դա միջնորդավորված կոչ էր Ադրբեջանին «խելոք մնալ» ու նույնիսկ չմտածել ռազմական գործողություններ սկսելու մասին, քանի որ, չնայած Մոսկվայի ու Բաքվի կարծես թե լավ հարաբերություններին, կարելի է և վզակոթին ստանալ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---