Թուրքիան ժխտում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ թաքցնելու համար 1895 թ. զանգվածային սպա՞նդը

Թուրքիան ժխտում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ թաքցնելու համար 1895 թ. զանգվածային սպա՞նդը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն արդեն 1895 թ. թուրքերը հայերի կոտորած սարքեցին: Այդ մասին գրում է լրագրող Էրվե Ռուբեն Dreuz.info կայքում:

«Դարեր շարունակ թուրքերն ուղղակի պորտաբույծների նման էին ապրում՝ նստած այդ աշխատասեր ժողովրդի (հայերի) վզին: Նրանք հայերին իրենց օրենքներն էին պարտադրում, առևանգում էին նրանց ամենագեղեցիկ աղջիկներին իրենց հարեմների համար, քրիստոնյա տղաներին յենիչերների էին վերածում: Նպատակ չունեմ նկարագրելու սարսափելի կախվածությունն ու հալածանքները, որոնք 5 դար շարունակվեցին: Նպատակս է ընդգծել մահմեդական թուրքերի այն բնածին վերաբերմունքն այս ռասայի ու կրոնի մարդկանց հանդեպ, որոնք, ըստ նրանց, մարդկային էակներ չեն, այլ ուղղակի ստրուկներ, և կարող են անողոքաբար ոչնչացվել: Մարդկային կյանքի հանդեպ այդ համատարած քամահրանքն ու ֆիզիկական հաճույքը ցավ պատճառելուց բնորոշ է պրիմիտիվ ժողովրդի»,-մեջբերում է ֆրանսիացի լրագրողը Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը:

Էրվե Ռուբեն նշում է, որ շուրջ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնիկ հողերը կամ զոհվել: Ըստ նրա, դա նույնն է, ինչ այսօր ուզում է Եվրոպան Պաղեստինի հրեաների համար:

«1894-1896 թթ. 300 000-400 000 քրիստոնյա հայեր են սպանվել Աբդուլ Համիդի օրոք հատուկ կազմակերպված կազմավորումների՝ «համիդիե» ջոկատների ջարդերի հետևանքով: Աբդուլ Համիդին նաև կոչում են «Կարմիր սուլթան»՝ Օսմանյան կայսրության հայերի զանգվածային կոտորածների համար: 1895 թվականին գազանաբար 300 000 հայ սպանվեց, որոնք կայսրության ամենակրթված ու հարուստ քաղաքացիներն էին: Ձևականորեն ջարդն ուղղված էր «հայերի ազգայնական տրամադրությունների կասեցմանը», Աբդուլ Համիդը վախեցած էր հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունից: Նա ցանկանում էր կասեցնել այդ գործընթացը, բայց չէր համարում, ինչպես երիտթուրքերը, որ հայերը պետք է անհետանան որպես ժողովուրդ»,-գրում է Ռուբեն:

Հոդվածում բերված են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի ներկայացուցիչների վկայությունները, որոնք բոլորը Աբդուլ Համիդի օրոք կատարված սպանությունները ցեղասպանություն են համարում: Բերվում է նաև ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդի 1895 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը ԱՄՆ Կոնգրեսին, որը հայտարարեց, որ «Հայաստանում քրիստոնյաների կոտորածի մասին զեկույցները, ֆանատիկ թշնամանքը նրանց դեմ բնական վախ է ծնում տղամարդկանց ու կանանց անվտանգության համար»:

«Երբ 1896 թվականին ԱՄՆ-ն պահանջեց սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդից դադարեցնել հայերի հալածանքները, վերջինս իր պատասխանում ժխտեց մեղադրանքները, ինչպես անում է նրա հետնորդ Էրդողանը, նույնիսկ հայտարարելով, թե «Օսմանյան կայսրությունը հազարավոր մահմեդական փախստականների ընդունեց Բուլղարիայից ու Ռուսաստանից: Այպես թուքերը «ստեղծեցին Թուրքիա թուրքերի համար»,-գրում է Էրվե Ռուբեն:

Photo: armenews.com
Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---