Օբաման պատրաստ է համատեղ ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Օբաման պատրաստ է համատեղ ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին նա գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ հասցեագրված ուղերձում: Օբաման ողջունել է նոյեմբերի ավարտին կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին: Երևանում Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Միջնորդների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից անդադար հնչող հայտարարություններին, որոնք խեղաթյուրում են բանակցային գործընթացի բնույթն ու էությունը, հրադադարի խախտման հաճախակի դեպքերը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ նման գործողությունները վնասում են խաղաղ գործընթացին:

«Ըստ իս, ժամանակն է բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել, ճշտելու համար դիրքորոշումներն ու որոշելու համար թե ինչպես աշխատել առաջիկայում»,-հայտարարել է ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով երկու նախագահների հանդիպման հնարավորությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---