Փաշազադեն նամակ է գրել Գարեգին Բ-ին՝ Ինջիղուլյանի հետ հանդիպման մասին

Փաշազադեն նամակ է գրել Գարեգին Բ-ին՝ Ինջիղուլյանի հետ հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է hղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը ԿՄՎ մամլո ծառայության ղեկավար Ռագիմ Դադաշևի վրա հղումով:

Նամակում ասվում է գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման մասին: Հանդիպումը տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով: Նամակի մանրամասները չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաշազադեն հանդիպել է գերեվարված հայ զինծառայողի հետ Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով: Նա հետաքրքվել է գերեվարված զինծառայողի կենցաղային պայմաններով, նրան պատասխանել են, որ «գերուն չեն նեղացնում, հոգ են տանում նրա մասին»:

Հոկտեմբերի կեսին որոշ հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ Ինջիղուլյանին մտադիր են տեղափոխել երրորդ երկիր, սակայն Կարմր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակում այդ տեղեկատվությունը չհաստատեցին:

Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու մտադրության մասին հաղորդագրությունը հրապարակել էր հայկական կայքերից մեկը՝ նրա զարմիի՝ Արմանի վրա հղումով: Սակայն PanARMENIAN.Net ին Արման Ինջիղուլյանը հերքել էր այդ հաղորդագրությունը, ասելով, որ «նամակում Հակոբը նման բան չի գրել, երրորդ երկիր մեկնելու հնարավորությանն մասին ասել են Կարմիր խաչի աշխատակիցները»:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվականներում տարածվել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանն այն մասին, թե Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»:

«Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն:»,- Trend գործակալությանն ասել էր Սաիլովը:

Ինչպես ի պատասխան հայտարարել էր ՀՀ ՊՆ փոխղեկավար Դավիթ Տոնոյանը, եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Տոնոյանը կոչ է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները՝ նշելով, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը):

Այդ հայտարարություններից անցած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ տալու ուղղությամբ:

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները մինչ օրս չենն հանդիպել Հակոբին: Զինծառայողի ծնողներն ու ՀՀ ՊՆ-ն բազմիցս կոչ են արել ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիօպել զինծառայողին և կազմակերպել նրա վերադարձը հայրենիք:

Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Ինջիղուլյանի «հարցազրույցը» կորզված է ճնշման տակ և կոչ է արել Կարմիր խաչին ջանքեր գործադրել զինծառայողին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, որտեղ նրա դեմ քրեական հետապնդում չի իրականացվի:

Նշենք, որ մինչ օրս նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձածներից ոչ ոք քրեական հետապնդման չի ենթարկվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---