Վիլնյուսի գագաթնաժողովի աղոտ հույսերը

Վիլնյուսի գագաթնաժողովի աղոտ հույսերը

PanARMENIAN.Net - Վաղը Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը պետք է ԵՄ համար եթե ոչ հաղթական, ապա առնվազն մեծ քայլ դառնար վեց հետխորհրդային երկրներից՝ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից ու Ադրբեջանից, Ռուսաստանին դուրս մղելու ուղղությամբ: Եվրամիության հույսերը մի փոքր աղոտ են թվում և միայն Վրաստանի դեպքում կարելի է մինչև վերջ վստահ լինել: Տարածաշրջանում արագ փոխվող իրավիճակում և աշխարհաքաղաքական կենտրոնների փոփոխման պայմաններում ոչ մի երկրի հարցում չի կարելի վստահ լինել: Հայաստանն ու Բելառուսը չեն ստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը, Ուկրաինայի դեպքում ինտրիգը մինչև վերջ կպահպանվի:

Արդբեջանն արդեն հայտարարեց, որ ոչինչ չի ստորագրելու: Մնացին Մոլդովան ու Վրաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մեղադրանքները ԱԳ երկրների, հատկապես Ուկրաինայի և որոշ չափով Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու վերաբերյալ այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մոսկվան ճնշում չի գործադրում, նա ուղղակի թվերով ցույց է տալիս, թե ինչ կարող են ակնկալել հետխորհրդային երկրները տեսանելի ապագայում: Բնականաբար, Վրաստանը ևս չի կարող հույսը դնել ԵՄ օգնության վրա, ինչում էլ նա համոզվեց 2008-ին, երբ օգոստոսյան պատերազմի ժամանակ ոչ ոք չօժանդակեց Սահակաշվիլիին:

Բայց ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, մասնավորապես, Հայաստանի պարագայում, եթե ԵՄ-ն հրապարակեր Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման մասին համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում էր նախաստորագրել Վիլնյուսում: Ըստ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու, համաձայնությունը կարող էր հրապարակվել Վիլնյուսից հետո: Նշելով, որ տեքստում ոչ մի «պարսավելի» բան չկա, Ռաչինսկին ասաց, որ եթե Հայաստանը նախաստորագրեր համաձայնագիրը, կնշանակեր ստորագրել միայն առաջին ու վերջին էջը: «Իսկ մանրամասները, իրավական հասկացությունները, միջին մասը կհստակեցվեին դեռ մոտավորապես մեկ տարի»,- ասել է նա:

Ինչպես հայտնի է, սատանան մանրուքների մեջ է թաքնված և համաձայնության տեքստը նույնն է Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար, բացառությամբ որոշ կետերի: Նշենք, որ Հայաստանին վերաբերող փաստաթուղթը 1200 էջից էր, և հիմնականում վերաբերում էր տնտեսական հարցերին: Այսինք սա այն է, հանուն ինչի էլ ձեռնարկվեց ասոցացման մասին համաձայնագիրը՝ ԱԳ մասնակից երկրներին ԵՄ-ից տնտեսական կախվածության մեջ դնել, ոչնչացնել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, մնալով միայն ԱՄՀ ողորմածությանը: Մի խոսքով, պարտքերի մեջ խրվել առանց այդ փոսից դուրս գալու հեռանկարի:

Ոչ մի հայկական ապրանք Եվրոպայում չէր ծախվի, և ոչ միայն հայկական, այլև ուկրաինական, վրացական, մոլդովական: Կարևորն Արևելյան գործընկերությունում երկրների աշխարհագրական դիրքն է, որը շատ հարմար է Եվրոպայի համար էներգառեսուրսների տարանցման առումով: Առավել ևս արդիական է Հարավային Կովկասի թեման Իրանի հետ Արևմուտքի համաձայնության լույսի ներքո: Այնպես որ, Վիլնյուսում համաձայնագիրը ստորագրող երկրները կարող են միայն Եվրոպայի հետնաբակը դառնալ, ոչ ավելին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---