Երևանում կքննարկեն ինտեգրման և ապաինտեգրման գործընթացները ժամանակակից Կովկասում

Երևանում կքննարկեն ինտեգրման և ապաինտեգրման գործընթացները ժամանակակից Կովկասում

PanARMENIAN.Net - Կովկասագետների գիտական ընկերակցության եռամյա տարեդարձին ընդառաջ Երևանում ինտեգրման և ապաինտեգրման գործընթացներին ժամանակակից Կովկասում միջազգային կլոր սեղան կանցնի: Ներածական խոսքով հանդես կգա Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը:

Կլոր սեղանի աշխատանքին կմասնակցեն գիտնականներ ու քաղաքագետներ Հայաստանից և Ռուսաստանից: Նիստում կքննարկվեն Գյուլիստանի պայմանագրի, ԵՄ և ՄՄ միջև Հայաստանի ընտրության, Եվրոպայում և Եվրասիայում խաղաղության հաստատման, Հարավային Կովկասում զարգացումների կանխատեսման հարցերը: Մեծ հետաքրքրություն է առաջացնում պատմական գիտությունների դոկտոր Իրինա Բաբիչի «Հայերը Ֆրանսիայի քաղաքական կյանքում 1920-1940 թթ. (ֆրանսիական արխիվների նյութերով)» զեկույցը, որտեղ նա կներկայացնի ֆրանսիական արխիվներում իր բազմամյա աշխատանքի արդյունքները: Նյութեր կներկայացվեն հայերի դերակատարության մասին ֆրանսիական քաղաքական կյանքում, այդ թվում նաև եզակի փաստաթղթեր հայերի մասնակցության մասին Ֆրանսիայում երկու համաշխարհային պատերազմների միջև գործող ռուսական մասոնական օթյակներում: Հետաքրքիր կլինի նաև պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի «Վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում և դրանց ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության համակարգերի վրա» խորագրով զեկույցը: 2010 թ. դեկտեմբերի 6-ին ՌԴ արդարադատության նախարարությունը գրանցեց Կովկասագետների գիտական ընկերակցությունը որպես Կովկասի և հարակից տարածաշրջանների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների հասարակական, ոչ առևտրային, անկախ ու կամավոր միավորում:

«Անցած երեք տարում Ընկերակցությունն իր տեղը գտավ գիտական, փորձագիտական, վերլուծական կառույցների շարքում, որոնք զբաղվում են տարածաշրջանային խնդիրներով: Բացի կանոնավոր գիտաժողովներից, ակտուալ հարցեր են լուսաբանվում նաև ընկերակցության ինտերնետ ներկայացուցչության միջոցով: Ամեն օր նորացվող կայքում լուսաբանվում են զուտ ակադեմիական թեմաներ, ինչպես նաև ակտուալ վերլուծություններ ու կանխատեսումներ: Չափազանցություն չի լինի ասելը, որ որոշ սյուժեների լուսաբանման հարցերում (օրինակ, մուհաջիրների) մեր հեղինակներն առաջինն էին: Կայքի շուրջ համախմբվել են մի շարք մշտական հեղինակներ, որոնք գրում են մեզ համար և ներկայացնում են Հարավային Կովկասի պետությունների և հյուսիսկովկասյան տարածաշրջանների մեծ մասը»,- PanARMENIAN.Net ին է ասել kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---