ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում են պատրաստում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում են պատրաստում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին ու Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը, ինչպես նաև կոչ են անում այնպիսի մթնոլորտ պահպանել, որը կնպաստի առաջընթացին բանակցությունների սեղանի շուրջ: Դեկտեմբերի 15-19 հակամարտության գոտի համանախագահների այցի ավարտին Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես են եկել հայտարարությամբ: «2014 թվականի հունվարին համանախագահները կխորհրդակցեն ԵԱՀԿ նոր նախագահի՝ Շվեյցարիայի հետ: Դրան կհաջորդի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն, ինչպես նաև նախապատրաստումը նախագահների հաջորդ հանդիպմանը»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Վերջին այցի շրջանակներում համանախագահներն այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ:

Դեկտեմբերի 17-ին համանախագահներին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների խաղաղ կարգավորումն ու ուժային տարբերակների բացառումը: Նախագահ Սահակյանը գործընթացի առանցքային նախապայմաններից է համարել պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումն ու Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցումը: Որոշակի փուլում Արցախը պետք է վերադառնա ղարաբաղյան գործընթաց, հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Դեկտեմբերի 16-ին համանախագահներն Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---