Մարդկությունը մոռացկոտ է տևական հակամարտությունների հարցում

Մարդկությունը մոռացկոտ է տևական հակամարտությունների հարցում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը միշտ աչքի է ընկել հակամարտությունների կողմերից մեկի համար ցավոտ հարցերի վերաբերյալ ոչ ադեկվատ որոշումներով: Ընդ որում միշտ նույն պատճառն է բերվում. այս կամ այն միջոցառումը կարող է վնասել ինչ-ինչ բանակցություններին, որոնք արդեն տասնամյակներ են ձգվում առանց հաջողություն արձանագրելու: Հատկապես այդ հարցում աչքի է ընկնում ՅՈւՆԵՍԿՕ-ն: Մի քանի տարի առաջ ՄԱԿ կենտրոնակայանում արգելվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրությունը: Պատճառաբանումն ուղղակի ծիծաղելի էր. ցուցահանդեսը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իսկ չէ որ ամեն ինչ պարզ էր.Թուրքիան սպառնացել էր ՄԱԿ-ին ու ԱՄՆ-ին խզել հարաբերությունները կամ առնվազն ետ կանչել դեսպանին: Եվ ամեն ինչ դրանով ավարտվեց, չնայած ԱՄՆ հայ համայնքի բողոքներին՝ ՄԱԿ-ն անդրդվելի էր ու կրկնում էր նման ցուցահանդեսների վնասակարության մասին հեքիաթը:

Բայց պազվում է հայերը միայնակ չեն: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան չեղյալ է հայտարարել Վիզենտալի կենտրոնի ցուցահանդեսը, որը պետք է անցներ ՅՈւՆԵՍԿՕ-ի շենքում՝ Փարիզում: Ցուցահանդեսը կոչվում էր «Հրեա ժողովրդի 2500-ամյա կապը Էրեց Իսրայելի հետ»: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ցուցահանդեսը չեղյալ է հայտարարվել արաբական երկրների ներկայացուցիչների բողոքի պատճառով, որոնք համարում են, որ այն կարող է վնասել պաղեստինա-իսրայելյան բանակցություններին:

Վերջին երկու տարիներին այդ ցուցահանդեսի բացումը բազմիցս էր հետաձգվել տարբեր պատրվակներով: Այս անգամ այն ընդհանրապես չեղյալ հայտարարվեց: Նույնիսկ երբ կազմակերպիչները համաձայնվեցին պահանջվող փոփոխությունները կատարել ցուցադրության մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպանն այդ առնչությամբ հայտարարեց, որ կազմակերպության գլխավոր տնօրենի «փաստարկները» ցուցահանդեսից հրաժարվելու հարցում «լկտի են ու անհեթեթ»:

Մարդկությունը մոռացկոտ է տևական հակամարտությունների հարցում, որոնք սկզբունքորեն անլուծելի են: Դրանց թվին են պատկանում նաև ղարաբաղյան հակամարտությունն ու իսրայելա-պաղեստինյանը: Չնայած տարբերություններին, երկու հակամարտությունները նաև նմանություն ունեն, քանի որ համաշխարհային հանրության նույն վերաբերմունքին են արժանանում, որը հիմնված է երկակի չափանիշների վրա: Հազիվ թե ԵԱՀԿ ՄԽ կամ «մերձավորարևելյան քառյակի» միջնորդները չգիտեն, թե իրականում է ինչպե՞ս են գործերը: Առավել ևս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որն իր նշանակումից հետո արդեն 10 անգամ այցելել է Իսրայել ու Պաղեստին: Հակամարտությունների չկարգավորված լինելը գերազանց առիթ է կողմերին առկախ վիճակում պահելու և ժամանակ առ ժամանակ նրանցից մեկին առավելություններ խոստանալու համար:

Համաշխարհային հանրությունը, ինչպես նաև ՄԱԿ-ը, որը նույնպես համաշխարհային կազմակերպություն է, չգիտես ինչու միշտ «մեղավոր է» համարում այն կողմերին, որոնք ամենից շատ են տուժում բռնությունից: Ադրբեջանը սպանում է հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին, իսկ համանախագահները կոչ են անում երկու կողմերին ձեռնպահ մնալ բռնությունից: ՀԱՄԱՍ-ը նպատակ է դրել ոչնչացնել Իսրայելը, իսկ Երուսաղեմին ասում են՝ ավաններ մի կառուցեք, մի զինվեք, պաղեստինցիները կնեղանան: Նույն ՄԱԿ-ը փաստորեն հանդես է գալիս ադրբեջանական ու պաղեստինյան տեսակետներից և «անհարմար» ցուցահանդեսներից հրաժարվելը դրա օրինակն է: Հավանաբար, Կազմակերպության պաշտոնյաներն ուղղակի խոսափում են պատասխանատվությունից՝ միշտ ավելի հեշտ է արգելել, քան պաշտպանել սեփական տեսակետը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---