24 հունվարի 2014 - 17:35 AMT
Ամերիաբանկն առաջատար է Հայաստանում ֆակտորինգային գործառնությունների գծով

Ամերիաբանկը 2013թ. արդյունքներով ճանաչվել է «Հայաստանի տարվա լավագույն բանկ ֆակտորինգային ծառայությունների մատուցման գծով» միջազգային ճանաչում ունեցող 2014թ. Քորփորեյթ Ինթըրնեշնլ Մեգըզին (Corporate Intl Magazine) ամսագրի կողմից: Հաշվետու տարվա վերջին Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը կազմել է շուկայի 47,3%-ը, որով բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը հայաստանյան բանկերի շարքում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

2013թ. գործունեության արդյունքները վկայում են, որ Ամերիաբանկն ունեցել է ֆակտորինգային գործառնությունների ծավալների զգալի աճ ինչպես Հայաստանի ֆինանսական շուկայում, այնպես էլ միջազգային ֆակտորինգային շուկայում: Արդեն մեկ տարի է, ինչ Ամերիաբանկն անդամակցում է միջազգային խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը, ինչը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ աշխարհի շուրջ 80 երկրներից և դուրս գալ նոր շուկաներ:

Բանկի ֆակտորինգային գործարքների 77%-ը բաժին է ընկնում ներքին շուկայում իրականացված գործարքներին, իսկ 23%-ը` միջազգային ֆակտորինգի գործարքներին:

Ամերիաբանկին ֆակտորինգով զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը 2013թ. տարեկան արդյունքներով կազմում է շուրջ 12,5 մլրդ ՀՀ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 41%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում Բանկի կողմից իրականացված ընդհանուր ֆակտորինգային գործարքների 58%-ը բաժին է ընկնում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնություններին, իսկ ռեգրեսով ֆակտորինգային գործարքներին՝ 42%: Նշենք, որ 2013թ. ռեգրեսով գործարքների ծավալը 2012թ. համեմատությամբ աճել է 6,5%-ով, իսկ առանց ռեգրեսի գործարքների ծավալը` շուրջ 2,1 անգամ: 2013թ.-ին աճի զգալի տեմպեր են գրանցվել նաև Ամերիաբանկի կողմից առաջարկվող առանց ռեգրեսի դասական ֆակտորինգային գործարքների մասով, և նախորդ տարվա համեմատությամբ Բանկի կողմից ֆինանսավորված դասական ֆակտորինգի գործարքների ծավալն աճել է 27%-ով:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով ակտիվորեն համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող ցանցերի, խոշոր արդյունաբերական, շինարարական, հանրային ծառայություններ մատուցող և տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների հետ: