Ազերի փորձագետները բացահայտում են իրենց ՊՆ-ի ստերը՝ 77-ամյա հայ ծերունին չի կարող դիվերսանտ լինել

Ազերի փորձագետները բացահայտում են իրենց ՊՆ-ի ստերը՝ 77-ամյա հայ ծերունին չի կարող դիվերսանտ լինել

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Ադրբեջանում ՀՀ զառամյալ քաղաքացու ձերբակալությունը, որին «հայկական դիվերսիոն խմբի անդամ» անվանեցին, համալրեց վերջերս երկու երկրների միջև հաճախակի դարձած բախումների շարքը, գրում է BBC-ն:

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:BBC-ին տված հարցազրույցում Տավուշի գյուղապետն ասել է, որ տեսնելով ձերբակալվածի լուսանկարն, անմիջապես ճանաչել է Մամիկոն Խոջոյանին

«Ադրբեջանցիները խեղճ հային որպես դիվերսանտ են ներկայացնում, սակայն չի նշանակում, թե դա այդպես է»,- BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Ըստ նրա, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ձերբակալված ՀՀ քաղաքացիներին լրտեսության մեջ են մեղադրել: «Բայց ոչ մի ապացույց չի եղել»,- ասել է նա:

Ադրբեջանցի ռազմական փորձագետները ծիծաղելի են համարում երկրի ՊՆ հաղորդագրությունը, թե 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հայկական դիվերսիոն խմբի անդամ է, գրում է ArmeniaToday-ը: Բաքվեցի վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. «Այդ մարդը ոչ մի կապ չունի դիվերսիոն խմբի հետ: Նա ծերունի է, որը, կարծես, նաև առողջական խնդիրներ ունի: Նույնիսկ նշյուլ անգամ չկա, որ ՊՆ պնդումները համապատասխանում են իրականությանը: Զենք չի հայտնաբերվել, ինչպս և մարմնական հրազենային վնասվածքներ»:

Ջաֆարովը պնդում է նաև, որ այդ միջադեպը լուրջ հարցեր է առաջացնում. «Ավելի լավ կլիներ, որ պաշտպանության նախարարությունը բացատրեր, թե ինչո՞ւ են Խոջոյանին բռնել հասարակ գյուղացիները: Իսկ ի՞նչ էին անում այդ տարածքում տեղակայված ադրբեջանցի զինվորականները: Եթե Խոջոյանը զինված էր, ինչո՞ւ զենք չի կիրառել: Եվ ամենակարևորը. արդյո՞ք դա նշանակում է, որ այդ տարածքն ականապատ չէ: Եթե 77-ամյա հայ ծերունին այդքան հանգիստ կարող էր հատել սահմանը, նշանակում է՝ հատուկ պատրաստություն անցած հայ զինծառայողները նույն հեշտությամբ կարող են ներթափանցել Թովուզի տարածք, կամ անգամ Բաքու հասնել, իրենց դիվերսիան կատարել ու հանգիստ հետ վերադառնալ»,- նշել է ադրբեջանցի ռազմական փորձագետը:

Ադրբեջանի ՊՆ-ն վերջին երկու օրերին համառորեն պնդում էր, թե Խոջոյանը դիվերսանտ է: Այսօր՝ հունվարի 31-ին, ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգաղլիի խոսքերից պարզ դարձավ, որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մի փոքր փոխվել է. այժմ, ըստ նրա, Խոջոյանը ոչ թե դիվերսանտ է, այլ դիվերսիոն խմբի ուղեկցորդն է, որը տեղանքին լավ ծանոթ է: «Շփման գծում փոխհրաձգություն է եղել, որի ժամանակ հայկական դիվերսիոն խումբը նահանջել է: Չնայած դրան, մեր զինծառայողներին հաջողվել է գերեվարել խմբի ուղեկցորդին»,- նշել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:

Ալիբեյլի գյուղի գյուղապետը, սակայն, հերքում է Բաքվի նաև այս պնդումը: «Մեր գյուղացիներից մեկը տեսել է այդ հային, երբ ոչխար էր արածացնում: Այնտեղ նաև ադրբեջանցի զինվորներ կային, նրանք բռնեցին այդ մարդուն ու մեքենա նստեցրին: Բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծերունուն Բաքու տեղափոխեցին»,- ասել է Ալիբեյլիի գյուղապետը:

Ադրբեջանցիները չեն հրաժարվում մեկընդմիշտ որդեգրած սցենարից. գերել որևէ հայի, կարևոր չէ՝ զինվորական, թե՝ քաղաքացիական անձի, հարմար մի լեգենդ վերագրել նրան, հետո «հարցազրույցներ» վերցնել, որոնք իբր դրա ապացույցն են: Այս անգամ էլ նույնն է:

Հունվարի 30-ին հայ գերիների հետ «հարցազրույցներ» կազմակերպելու սիրահար ANS հեռուստաալիքը «հարցազրույց էր» վերցրել Մամիկոն Խոջոյանից: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «հարցազրույցում» Խոջոյանն իր մասին հակասական տեղեկություններ է հայտնում, մեկ ներկայանալով երկրի անվտանգության մարմինների աշխատակից, մեկ՝ ալկոհոլ պատրաստող խաղողագործ։ Այժմ գերին բուժվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում»: Բնականաբար, նրա հոգեկան հիվանդության վրա հեռուստալրագրողներն ուշադրություն չեն դարձնում: «Ձեռքս կոտրվել էր, բայց արդեն լավանում է»,-ասում է Խոջոյանը հարցազրույցում: Թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, երբ է կոտրվել ձեռքը, որը, եթե դատելու լինենք նախորդ ադրբեջանական տեսանյութերից, գերեվարման ժամանակ կոտրված չի եղել, նույնպես մեծ հարցական է: Անկասկած է այն, որ ադրբեջանական կողմը բարոյահոգեբանական ճնշում է գործադրում, ստիպելով ծերունուն ասել այն, ինչ «պետք է»:

Սա արդեն առաջին «հարմար» հարցազրույցը չէ, որ ադրբեջանցի լրագրողները, խախտելով Ժնևի կոնվենցիան, վերցնում են հայ գերիներից: Նույն հեռուստաալիքը մինչ այդ երկու հարցազրույց էր վերցրել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանից, իսկ մինչ այդ, 2010 թվականին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանից, որին ևս «դիվերսանտ» էին հռչակել: Տեսանյութի պրոֆեսիոնալ փորձաքննությունից հետո ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո ու հատուկ միջոցների կիրառմամբ:

Հոկտեմբերի 5-ի գիշերը Մանվել Սարիբեկյանն ինքնասպան էր եղել: Դեպքի վայրի զննության արդյունքում Ադրբեջանի զինդատախազության աշխատակիցները պարզել էին, որ Սարիբեկյանը «կախվել է սավանից ու վերնաշապիկից սարքած պարանով»: Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել Սարիբեկյանի դին: Նախնական զննության ժամանակ Սարիբեկյանի մարմնին խոշտանգումների հետքեր էին հայտնաբերվել, ինչը վկայում է դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---