ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանում են

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանում են

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն ու ամերիկացի Ջեյմս Ուորլիքը Բաքվում են: Փետրվարի 3-ին միջնորդները կհանդիպեն Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին, հայտնում է APA գործակալությունը: Երևան համանախագահները կժամանեն փետրվարի 5-ին:

Հունվարի 24-ին Փարիզում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախ առանձնազրույց էին ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակել ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացմանն ու հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններին, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին:

Հայաստնի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարներն և ակնհայտ արհամարանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարությւններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի: Այստեղ նախարարը կարևորել է հրադադարի պահպանումն առաջիկայում:

Հանդիպման ավարտին համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ նախարարների հետ քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր՝ հիմք ընդունելով տարեվերջին նախ՝ երկու երկրների նախագահների, այնուհետև ԱԳ նախարարների հանդիպումները:

«Նախարարները հաստատել են հիմնահարցի խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Դեսպան Կասպրշիկը ներկայացրել է շփման գծում իրավիճակի վերջին զարգացումները: Համանախագահները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ ու նշել, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցություններն ու նվազեցնում խաղաղության հեռանկարները: Համանախագահները կողմերին կոչ են արել լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է հայտարարությունում:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---