15  Շառլ Ազնավուր

Ազնավուրն 90-ամյակը կնշի Գերմանիայում

Ազնավուրն 90-ամյակը կնշի Գերմանիայում

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն 90-ամյա տարեդարձը կնշի Գերմանիայում: Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա համերգով հանդես կգա Բեռլինում O2 World փակ մարզադաշտում: Համերգը կրում է «Լեգենդը վերադառնում է» խորագիրը: Այդ մասին կազմակերպիչներին փետրվարի 5-ին տեղեկացրել է Deutsche Welle-ն: Ազնավուրի երկրորդ համերգը Գերմանիայում նախանշված է մայիսի 24-ին: Այն կկայանա Մայնի Ֆրանկֆուրտում: Ընթացիկ տարվա հունիսի 1-ին Ազնավուրը հրաժեշտի համերգով հանդես կգա Լոնդոնում:

Իր ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Ազնավուրը վաճառել է մոտ 100 մլն ալբոմ և գրել 1200 երգ: Նա նկարահանվել է 80 ֆիլմում և հազար համերգ տվել աշխարհով մեկ:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե է, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ: Ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում,[2] արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես արբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Բազմաթիվ միջազգային հիթերի հեղինակ է՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան Time հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---