Դիտարկման ժամանակ Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Դիտարկման ժամանակ Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Տարածաշրջան այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումներում կրկին վերահաստատել են մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ են արել սեփական գործողություններում ու հայտարարություններում: Կողմերը հայտարարել են, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:«Նախևառաջ, մեր կոչն ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին. նրանց գործողություններն ապակայունացնող ազդեցություն են թողնում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշված էր ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Երևանում և Բաքվում կայացած հանդիպումներում միջնորդները ընդգծել են, որ առաջընթաց է անհրաժեշտ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչպես նաև հարկավոր է բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել:

Փետրվարի 5-ին Երևանում նրանք հանդիպել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Քննարկվել էին ոչ վաղ անցյալում Փարիզում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման արդյունքները, ինչպես նաև ընդգծվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:

Մինչ այդ համանախագահները եղել էին Բաքվում, որտեղ հանդիպումներ էին ունեցել Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ:

Երևանում ԱԳՆ շենքի մուտքի մոտ համանախագահներին ու Կասպրշիկին բողոքի ակցիայով դիմավորեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտթևի անդամները: Նրանք վանկարկում էին «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը», երբ համանախագահները ժամանել էին ու ներս մտել՝ հրաժարվելով պատասխանել ինչ-որ հարցերի: «Այստեղ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնենք իրենց առաքելության մասին»,- լրագրողներին ասել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտմիության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով, թե առաքելությունը նրանում է, որ նպաստեն խաղաղության պահպանմանը, բայց իրենց գործողություններով նրանք ուղղակիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը: Վարդանյանը նաև նշել է, որ հավասարություն դնել հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների միջև նշանակում է նպաստել, խրախուսել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական, ագրեսիվ քաղաքականությանը և նրան թույլ տալ շարունակել այն: «Համանախագահներից պահանջում ենք համապատասխան վերաբերմունք և կեցվածք դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով»,- նշել է երիտասարդը: Համանախագահներն Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նախարար Նալբանդյանը կարևորեց ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքը, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: ունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Այս անգամ համանախագահները Ստեփանակերտ չմեկնեցին: Սակայն ԼՂՀ այցելեց ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկը: Ստեփանակերտում նա հանդիպեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպմանը քննարկվեցին շփման գծում իրավիճակին առնչվող հարցեր:

Կարեն Միրզոյանը Անջեյ Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա՝ նշելով, որ դա վկայում է պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին: Նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Կողմերը կարևորեցին հրադադարի ռեժիմի պահպանումն ու միջդեպերի բացառումը:

Անջեյ Կասպրշիկը հանդիպեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկվեցին բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր, իրավիճակը ԼՂ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---