Մենք ԼՂՀ ներկան ու ապագան ենք. Արցախցի երտասարդները պահանջները փոխանցեցին Կասպրշիկին

Մենք ԼՂՀ ներկան ու ապագան ենք. Արցախցի երտասարդները պահանջները փոխանցեցին Կասպրշիկին

PanARMENIAN.Net - ՀՅԴ երիտթևն այսօր էլ՝ փետրվարի 7-ին, Ստեփանակերտում էր դուրս եկել բողոքի ցույցի: Երիտասարդները պահանջում էին բացահայտել Արցախի ու Ադրբեջանի շփման գծում միջադեպերը:

Հունվարի վերջին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Իրենց պահանջները նրանք գրել էին նամակում, որը պատրաստվում էին փոխանցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, որն այսօր ԼՂՀ մայրաքաղաքում պիտի մասնակցեր շփման գծում հերթական դիտարկմանը:

Կասպրշիկը Ստեփանակերտում էր մասնակցելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ ՊԲ դիրքերից դիտարկմանը մասնակցել են նաև Կասպշիկը նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ակտիվիստները նախ Կասպրշիկին սպասում էին ԼՂՀ ԱԳՆ դիմաց, բայց հետո ուղևորվեցին դեպի ԼՂՀ-ում ԵԱՀԿ գրասենյակ: Օրվա երկրորդ կեսին մոնիթորինգից հետո Անջեյ Կասպրշիկն ընդունել է ակցիայի մասնակիցներին, որտեղ լսել է նրանց պահանջները: Երիտասարդները նրան էին փոխանցել նամակը:

ՀՅԴ երիտասարդներին էին միացել նաև «Ազատ հայրենիք», Արցախի դեմոկրատական կուսակցության, «Արցախակերտում» ՀԿ-ի, «Ապառաժ երիտմիաության», ու Արցախում ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության ներկայացուցիչները:

Կասպրշիկին փոխանցած նամակում երիտասարդները նշել են, թե գտնում են, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրահրման արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ընդհարումները, որոնց արդյունքում թափվել է անմեղ արյուն, միջազգային հանրության ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դրսևորած ոչ համարժեք գնահատականի հետևանք է:

«Պահանջում ենք, որ սահմանային գծում տեղի ունեցող որևէ միջադեպ ենթարկվի անկախ հետաքննության և պատասխանատու կողմը կրի համախատասխան պատիժ»,- նշված է նամակում:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, երիտասարդները նամակում Կասպրշիկին հիշեցրել են, որ «սահմանային գծում իրավիճակի լարումն ու անմեղ երիտասարդների սպանությունները կշարունակվեն, եթե միջնորդ կողմը շարունակի պահպանել իր անհամարժեք պահվածքը»:

«Վերջին հաշվով, որպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ և տևական ժամանակ լինելով իրավիճակին անմիջական հաղորդակից, Դուք պետք է Ձեր ջանքն ու եռանդը չխնայեք Մինսկի խմբի համանախագահներին իրականությունը ներկայացնելու և պատասխանատվության զգացումը փոխանցելու համար»,- ասվում է նամակում:

Երիտասարդները նշել են նաև, որ իրենց համար խաղաղությունն ու մարդկային կյանքը բարձրագույն արժեքներ են, ու հանուն դրանց պահպանման, որի երաշխավորն է Արցախի անկախությունը, «պատրաստ են շարունակելու մեր ծնողների և եղբայրների որդեգրած ճանապարհը»:

«Մենք մեր երկրի ներկան ենք, ապագան և մեր իրավունքների տերը»,- եզրափակել են արցախցի երիտասարդները:

Փետրվարի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանել էին Երևան, որտեղ հանդիպել էին ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին: ՄԻնչև այդ՝ փետրվարի 2-ին, ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները ժամանել էին Բաքու: Հաջորդ օրը նրանց էին միացել նաև Իգոր Պոպովն ու Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին:

Բաքվում Կասպրշիկն անդրադարձել էր վերջերս հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը, որի արդյունքում կորուստներ էին եղել: Նա նշել էր, որ հրադադարի խախտումներն ու կորուստները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում և սահմանին մտահոգություն են առաջացնում: Ըստ նրա, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը կարելի է կանխել՝ պահպանելով հրադադարի ռեժիմը: Կասպրշիկը նշել էր նաև, որ շփման գծում դիտարկման ժամանակ լարվածության աճի վկան է եղել:

Երևանում ԱԳՆ շենքի մուտքի մոտ համանախագահներին ու Կասպրշիկին բողոքի ակցիայով դիմավորել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտթևի անդամները:

Նրանք վանկարկում էին «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը», երբ համանախագահները ժամանեցին, ներս մտան՝ հրաժարվելով պատասխանել ինչ-որ հարցերի:

«Այստեղ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնենք իրենց առաքելության մասին»,- ասել էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտմիության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով, թե առաքելությունը նրանում է, որ նպաստեն խաղաղության պահպանմանը, բայց իրենց գործողություններով նրանք ուղղակիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը:

Վարդանյանը նաև նշել էր, որ հավասարություն դնել հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների միջև նշանակում է նպաստել, խրախուսել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական, ագրեսիվ քաղաքականությանը և նրան թույլ տալ շարունակել այն։

«Համանախագահներից պահանջում ենք համապատասխան վերաբերմունք և կեցվածք դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով»,- նշել էր երիտասարդը:

Հասնելով նախարարություն, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---