Ազերիները համանախագահների ու ՌԴ ԱԳՆ-ի կոչը չլսեցին՝ գիշերը հրադադարը կրկին խախտվել է

Ազերիները համանախագահների ու ՌԴ ԱԳՆ-ի կոչը չլսեցին՝ գիշերը հրադադարը կրկին խախտվել է

PanARMENIAN.Net - Նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը հիմնականում պայմանավորված էր հայկական կողմի զգոնության և առաջնագծում պարտադրող լինելու հանգամանքով:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վերջերս թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

«Նախևառաջ, մեր կոչն ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին. նրանց գործողություններն ապակայունացնող ազդեցություն են թողնում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշված էր ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Երեկ՝ փետրվարի 7-ին, Սոչիում Ձմեռային օլիմպիադայի բացումն էր:Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` ինտենսիվ կրակահերթեր արձակելով հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ, գրում է Aysor.am­-ը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հարցին` համեմատելի՞ էր արդյոք ադրբեջանական կողմի ակտիվացումը 10 օր առաջ սահմանագծին տիրող լարված իրավիճակի հետ, պատասխանել է, որ այդ օրերի լարվածությունն ու կրակահերթերի ինտենսիվությունը չկա, սակայն նախորդ 2-3 օրերի համեմատ Ադրբեջանն այս գիշեր կրկին ակտիվացել էև: Վերջինս ընդգծել է նաև, որ հայկական կողմից պատասխան կրակ չի արձակվել:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---