Կալիֆորնիայի Հրեական համալսարանում կանցնի «Հայաստան, Օսվենցիմ և հաջորդող շրջան» գիտաժողովը

Կալիֆորնիայի Հրեական համալսարանում կանցնի «Հայաստան, Օսվենցիմ և հաջորդող շրջան» գիտաժողովը

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Կալիֆորնիայի Հրեական համալսարանում կանցնի «Հայաստան, Օսվենցիմ և հաջորդող շրջան» գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցեն Ռիչարդ Հովհաննիսյանը (UCLA), Սթիվեն Սմիթը Հարավային Կալիֆորնիայի համալսարանից և Մայքլ Բերենբաումն Ամերիկայի հրեական համալսարանից:

Միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Նշենք, որ ամբողջ 2014-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում կանցնեն նմանատիպ գիտաժողովներ, դասախոսություններ, ծրագրեր, որոնք կիրազեկեն համաշխարհային հանրությանն Օսմանյան կայսրության գործած ոճիրի մասին: Ֆրանկլին Լիթթելի ու Հյուրիեթ Լոքի 1970-ին հիմնադրած ամենամյա խորհրդաժողովը նվիրված է Հոլոքոսթի տարբեր ասպեկտներին, սակայն վերջերս այն ուշադրություն է դարձնում նաև Հայոց ցեղասպանությանը որպես Հոլոքոսթի նախադեպի:

Գիտաժողովը կվարի դոկտոր Մայքլ Բերենբաումը, որը համաշխարհային հեղինակություն է Հոլոքոսթի պատմության ասպարեզում: Նա մասնակցել է նաև Վաշինգտոնում Հոլոքոսթի թանգարանի ստեղծմանը, որտեղ եղել են նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ: Մինչդեռ, պետք չէ մոռանալ Հակադիֆամացիոն լիգայի (ADL) մասին, որը թուրքական լոբբիիի մասն է և հայտնի է Հայոց ցեղասպանության իր մերժողական դիրքորոշմամբ: Դեռ 2007-ին ADL ղեկավար Աբրահամ Ֆոքսմանը հայտարարեց.

«Բարեկամների միջև ժամանակ առ ժամանակ լինում են տարաձայնություններ, ինչպես, օրինակ, Հակադիֆամացիոն լիգայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցն է: Սակայն այդ հարցը չպետք է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ընդունման առարկա դառնա: Գտնում ենք, որ պատմության հետ կապված հարցերը Թուրքիայի ու Հայաստանի միջև պետք է լուծեն երկու կողմերը, ոչ թե ԱՄՆ Կոնգրեսը կամ այլ երկրների խորհրդարանականները: Դա քաղաքական հարց չէ, և կոնգրեսականները պատմաբաններ չեն: Կարծում եմ, որ պետք է կենտրոնանանք ապագայի, ոչ թե անցյալի վրա: Եթե ԱՄՆ հրեական համայնքը կամ Կոնգրեսը ցանկանում են օգնել, ապա պետք է հաշտեցնեն Թուրքիային ու Հայաստանին հանուն ապագա սերունդների»:

Այդ օրվանից շատ ժամանակ է անցել և ամբողջ աշխարհում հրեաները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն նրանք դա անում են ի հեճուկս Թուրքիայի, որի հետ հարաբերությունները կտրուկ սրվեցին Mavi Marmara-ի հետ կապված միջադեպից հետո, և, դատելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերից, մոտ ապագայում հազիվ թե կարգավորվեն:

Մինչդեռ, գիտաժողովը Լոս Անջելեսում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որի ժամանակ Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի միջև զուգահեռներ կանցկացվեն: 2014-ի մարտի 22-23-ին Երևանում կկայանա «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի շեմին» խորագրով գիտաժողովը, որին կմասնակցեն ցեղասպանության հարցում համաշխարհային հեղինակություն ունեցող գիտնականներ՝ պրոֆեսոր Իսրայել Չարին, Յաիր Աուրոնն Իսրայելից, California Courrier խմբագիր Հարութ Սասունյանը, դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանը Կալիֆորնիայի համալսարանից, Վահագն Դադրյանը Նյու Յորքից, գիտնականներ եվրոպական երկրներից, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող հետազոտողներ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հոլոքոսթ

Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---