ԿԽՄԿ-ն հետ կվերադարձնի գերիներին, երբ կողմերը համաձայնության գան. կարևոր է նաև գերու կամքը

ԿԽՄԿ-ն հետ կվերադարձնի գերիներին, երբ կողմերը համաձայնության գան. կարևոր է նաև գերու կամքը

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան անդրադարձել է հունվարի 28-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով բանակցություններին, գրում է ադրբեջանական ANS Press-ը:Նա նշել է, որ Կարմիր Խաչը կարող է հետ վերադարձնել գերուն, երբ կողմերն այդ մասին համաձայնության գան, բայց կարևոր է նաև գերու համաձայնությունը:

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրություն: ՊՆ-ից հայտնել էին, որ այդ հատվածում տեղակայված զորամասերում ոչ մի բացակա զինվոր չկա: Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: Արդյունքներ դեռ չկան:

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունում, սակայն, այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն, գրում է Panorama.am-ը: Հարցին վերաբերյալ մեկնաբանություն է տվել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը (նախարար Սեյրան Օհանյանը նաև ղեկավարում է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը): Հովհաննիսյանի խոսքով, բանակցությունները, որպես կանոն, բավականին բարդ են ընթանում, քանի որ Ադրբեջանի հետ բանակցությունները տարվում են Կարմիր Խաչի միջոցով: Նրա խոսքով, նախարարությունն ինտենսիվ աշխատում է ԿԽՄԿ հետ, բայց այս պահի դրությամբ գերիների ճակատագրի հետ կապված որևէ նոր բան չի կարող հաղորդել:

«Նորություններ չունենք, իրական արդյունքների մասին դեռ չենք կարող որևէ բան հաղորդել»,- եզրափակել է ՊՆ խոսնակը:

Այս պահին բանակցություններ են տարվում 2013-ի օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ու Մամիկոն Խոջոյանի հարցերով:

Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է 2013-ի օգոստոսի 8-ից, երբ չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---