Forbes. Աշխարհում 6 հայ միլիարդատեր կա

Forbes. Աշխարհում 6 հայ միլիարդատեր կա

PanARMENIAN.Net - Քըրք Քըրքորյանը, Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Էդուարդո Էռնեկյանը, Սերգեյ ու Նիկալայ Սարկիսովները Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցուցակում են:

Թեպետ Forbes-ի 2014-ի աշխարհի միլիարդատերերի ցանկում հայտնված հայերից և ոչ մեկ Հայաստանում չի բնակվում, նրանց հայրենակիցները կարող են գլուխները բարձր քայլել` իմանալով, որ միլիարդատերերից յուրաքանչյուրն իր հարստությունը կուտակել է աշխատանքի միջոցով, այլ ոչ թե, օրինակ, ժառանգություն ստացել կամ զարգացրել արդեն եղած բիզնեսը:

Մարտի 3-ին հրապարակված միլիարդատերերի ցուցակում հայերին առաջնորդում է տարիոքվ ամենամեծ Քըրք Քըրքորյանը, որն աշխարհի 328-րդ ամենահարուստ մարդն է` ըստ ֆինանսական առաջատար ամսագրի: 96-ամյա Քըրքորյանը հյուրանոցային մագնատ է ու 4,5 մլրդ դոլար ունի, բնակվում է Ամերիկայի միացյալ նահանգներում: Forbes-ը է նշում, որ 96-ամյա բիզնեսմենը շարունակում է ավելացնել իր միջոցները, որոնք մեկ տարում աճել են 1,2 մլրդ դոլարով:

Քըրքորյանն իր ստեղծած Լինսի հիմնադրամով Հայաստանին ֆինանսապես ամենաշատն աջակցած հայն է: Այդուհանդերձ, այդ օգնությունն այլևս նախկին չափերը չունի, քանի որ միլիարդատերն այն փակել է:

Forbes-ի միլիարդատերերի ցանկում 4,3 մլրդ դոլարով 345-րդ տեղում է ռուսաստանաբնակ հայ գործարար և «Տաշիր» խմբի սեփականատեր 48-ամյա Սամվել Կարապետյանը, ով նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում: Ծագումով Հայաստանի Տաշիրի տարածաշրջանից գործարարի կարողությունն անցած տարի ավելացել է կես մլրդ դոլարով:

Ամսագրի վարկանիշի հաջորդ` 663-րդ հարուստ հայը` «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն է, որ 2,6 մլրդ դոլար ունի: 42-ամյա ռուսաստանաբնակ Խաչատուրովը 2013-ին 200 մլն դոլար է վաստակել:

Գործարարի մասին պատմող տեքստում Forbes-ը բարձր է գնահատում խորհրդային ապահովագրական ընկերությունն աշխարհում առաջատարներից մեկը դարձնելու Խաչատուրովի ու գործընկերոջ ջանքերը: «Ռոսգոսստրախն» արդեն մի քանի տարի ակտիվ գործունեություն է ծավալում նաև Հայաստանում:

1,9 մլրդ դոլար կարողությամբ միլիարդատերերի վարկանիշի 931-րդ տեղն է զբաղեցրել Էդուարդո Էռնեկյանը: Արգենտինահայ 81-ամյա գործարարը մեկ տարում 100 մլն դոլարով ավելացրել է իր հարստությունը: Էռնեկյանը բազմաշերտ բիզնես գործունեություն է ծավալում Հայաստանում` Զվարթնոց օդանավակայանի կառավարումից մինչև գինիների արտադրություն և այլն:

Միլիարդատեր հայերից Forbes-ի ցուցակում վերջիններն են «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ, ռուսաստանաբնակ Սերգեյ ու Նիկալոյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրը 1,1 մլրդ դոլարով զբաղեցրել են 1465-րդ հորիզոնականը: Նրանք միակ հայերն են, ովքեր 2013-ին անհաջողություններ ե ունեցել բիզնեսում` եղբայներից ամեն մեկն անցած տարի 350 մլն դոլար է կորցրել:

Չորս տարի առաջատարի դիրքը զիջելուց հետո` 2014-ին կրկին աշխարհի առաջին միլիարդատեր է գնահատվել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: 9 մլրդ դոլարով ավելացնելով իր կարողությունը, Գեյթսը կուտակել է 76 մլրդ դոլար` գրում է «Սիվիլնեթ»-ը: Անցած տարվա վարկանիշի առաջատար, մեքսիկացի հեռահաղորդակցային մագնատ Կառլոս Սլիմն այս տարի հայտնվել է երկրորդ հորիզոնականում` 72 մլրդ դոլար հարստությամբ: Forbes-ի ցուցակի երրորդ պատվավոր միլիարդատերը Inditex (Zara ցանց) ընկերության սեփականատեր Ամանսիո Օրտեգան է` 64 մլրդ կարողությամբ:

Ըստ Forbes-ի` աշխարհում 1 մլրդ դոլար ու ավելի միջոցներ ունեցող 1645 գործարար կա, որոնց ընդհանուր կարողությունը 6,4 տրլն դոլար է` 1 տրլնով ավելի, քան 2013-ին:

2014-ի ցուցակում ռեկորդային են եղել «նորաթուխ» միլիարդատերերը` 226 տղամարդ և 42 կին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---