Ուորլիքը Twitter-ում գրել է, որ գոհ է Ղարաբաղի շուրջ Շվեդիայում ԵԱՀԿ ՄԽ խորհրդակցություններից

Ուորլիքը Twitter-ում գրել է, որ գոհ է Ղարաբաղի շուրջ Շվեդիայում ԵԱՀԿ ՄԽ խորհրդակցություններից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ավանդաբար Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Շվեդիայում Մինսկի խմբի հանդիպումների մասին: Ինչպես նա գրել է, միջնորդները տեղեկացրել են Շվեդիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեին ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին: «Կողմերը շահագրգռված են խաղաղության հաստատման մեջ»,- գրել է նա:

ԱՄՆ դիվանագետը նաև գոհ է Ստոկհոլմ ԵԱՀԿ ՄԽ այցով և շնորհակալություն է հայտնել Շվեդիային, մասնավորապես՝ երկրի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտին ղարաբաղյան կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցության համար: «Եկեք հետագայում ևս միասին աշխատենք Հարավային Կովկասում»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահը գրել էր. «Մենք կշարունակենք Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ համատեղ աշխատանքը Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում կան դրական պահեր: Սակայն դիրքորոշումների մերձեցումն, ուղղված հավասարակշռված որոշման կայացմանը, հեշտ չի տրվում: Բանակցային գործընթացի դժվարությունները համապատասխանում են հակամարտության բարդությանն ու խորությանը: Ըստ Պոպովի, կողմերը տրամադրված են առաջ շարժվել: «Այժմ ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերների հետ մենք մի շարք առանձին խորհրդակցություններ ենք անցկացնում նախարարների հետ: Փետրվարի 22-ին մենք հանդիպել ենք Նալբանդյանի հետ:

Առաջիկայում մտադիր ենք հանդիպել Է. Մամեդյարովի հետ: Երբ հաջողվի մոտենալ այն տարբերակներին, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար, հնարավոր կլինի վերադառնալ համատեղ հանդիպումներին, սկզբում նախարարների մակարդակով, հետո արդեն քննարկել գագաթաժողովի հարցը, ինչպես պայմանավորվել են նախագահները Վիեննայում: Բնականաբար, կշարունակենք մեր խորհրդակցությունները տարածաշրջանում»,-նշել էր ռուս համանախագահը:

Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ. «Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել էր Ջեյմս Ուորլիքը: Փետրվարի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանել էին Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին:

Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նոյեմբերի 19-ին հանդիպեցին Վիեննայում: Դա երկու նախագահների առաջին հանդիպումն էր վերջին երկու տարում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

Փետրվարի 13-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե անտեսելով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող Ձմեռային օլիմպիադայի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանումը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հրամանատարությունը նրանց գործողությունները կամ չի վերահսկում, կամ էլ այդ ամենը սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---