Կարմիր Խաչին առայժմ չի հաջողվում հանդիպել Արսեն Խոջոյանին, մինչդեռ նրան արդեն հարցաքննում են

Կարմիր Խաչին առայժմ չի հաջողվում հանդիպել Արսեն Խոջոյանին, մինչդեռ նրան արդեն հարցաքննում են

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) առայժմ չի հաջողվել հանդիպել հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանին, ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ հավելելով, որ Կարմիր խաչը շարունակում է բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ` առաջիկայում ՀՀ քաղաքացու հետ հանդիպելու համար, գրում է Panorama.am-ը:

Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ ևս մեկ քաղաքացի է ձերբակալել։ APA գործակալությանը երկրի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել էր, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է։ Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, տեղափոխում են Բաքու։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ձերբակալվածը 1991-ին ծնված Արսեն Խոջոյանն է։

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը տեղեկացրել էր, որ գյուղում այդ անուն ազգանունով երիտասարդ է բնակվում, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է։ Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ում ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 4-ին վերադարձրել էին:

Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի, երիտասարդն ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել էր։

Ադրբեջանական ANS Press-ի փոխանցմամբ, Սաիլովն այսօր՝ մարտի 10-ին, ասել է, որ Հայաստանի քաղաքացու «հարցաքննությունը շարունակվում է»։ Նրա խոսքով, արդյունքները պարզ կդառնան վաղը։

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդի» մասին։

Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Վնասվածքների ու կոտրվածքների մասին ադրբեջանական լրատվականներում ավելի վաղ խոսք անգամ չէր եղել, ինչը վկայում է, որ դրանք ձեռք են բերվել գերությունում գտնվելու ժամանակ։

Մարտի 7-ին ծերունուն Իջևանի հիվանդանոցից բերել էին Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանումնք։

Արդեն այսօր հայտնի է դարձել, որ Խոջոյանն արդեն վնասվածքաբանության բաժանմունքում է: Ինչպես ասել է վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը, ի տարբերություն սկզբնական շրջանի նա արդեն շփվում է հարազատների հետ, ինչպես նաև պատասխանում բժիշկների հարցերին Իսկ կվիրահատեն արդյոք Խոջոյանին, թե՝ ոչ, կորոշեն վնասվածքաբանները:

Բժշկական կենտրոն հիվանդին տեղափոխելուց անմիջապես հետո կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել էին կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև գլխի համակարգչային շերտագրում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---