Ռուսաստանաբնակ այլ երկրների քաղաքացիները չեն զրկվի ընտրական իրավունքից

Ռուսաստանաբնակ այլ երկրների քաղաքացիները չեն զրկվի ընտրական իրավունքից

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման Ռուսաստանում բնակվող օտար երկրների քաղաքացիներին չի զրկել ընտրական իրավունքից: Պատգամավորները մերժել են համապատասխան օրինագիծը:

Ռուսաստանում անցնող տեղական և տարածաշրջանային ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի քաղաքացիները: Այդ իրավունքից օգտվելու համար օտարերկրացիները պետք է մշտապես ապրեն տվյալ տեղական կազմավորման տարածքում և երկրում օրինական ապրելու իրավունք ունենան: Նախօրեին Պետդումայում քննարկվում էր «Արդար Ռուսաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների նախագիծը, որով առաջարկվում էր չեղյալ հայտարարել այդ օրենքը: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը որոշեց, որ օտարերկրացիների քվեարկությունը Ռուսաստանում խնդիրներ չի առաջացնում, և պահպանեց գործող կարգը:

Գործող օրենքը տարածվում է նաև Եկատերինբուրգի վրա:

«2013 թվականի սեպտեմբերին Եկատերինբուրգում ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունեցան մի քանի օտարերկրյա քաղաքացիներ, որոնք մշտապես բնակվում են Ուրալի մայրաքաղաքում»,- պարզաբանել են քաղաքային վարչակազմում, հայտնում է Պոլիտսովետ գործակալությունը:

Ապրիլի 1-ին ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն տվեց ռուսալեզու հայրենակիցներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին կառավարական օրինագծին: Երկրորդ ընթերցմամբ այն կարող է ընդունվել արդեն ապրիլի 4-ին:

Ըստ նախաձեռնության, պարզեցված կարգից կօգտվեն այն մարդիկ, որոնք երբևէ ապրել են ՌԴ կամ ԽՍՀՄ տարածքում, կամ Ռուսական կայսրության տարածքում, կամ հարզատներ են ունեցել այնտեղ: Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար նրանք պետք է հրաժարվեն իրենց նախկին քաղաքացիությունից, մեկնեն Ռուսաստան և ռուսաց լեզվի քննություն հանձնեն:

Ընդ որում քննությունը պարզելու է ոչ թե հայցորդի գրագիտության մակարդակը, այլ ընդամենը լեզվին ազատ տիրապետելու և այն առօրյայում կիրառելու փաստը: Քննությունն անցածների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումին պատասխան կտրվի 3 ամսվա ընթացքում:

Պարզեցված կարգով ՌԴ մուտքի արտոնագրեր կտրվեն նաև քաղաքացիության համար Ռուսաստան մեկնողներին, պարզեցված կարգով կտրամադրվի նաև բնակության թույլտվություն: Ճիշտ է, եթե երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին այդպես էլ չդիմի քաղաքացիություն ստանալու համար, բնակության թույլտվությունը չեղյալ կհամարվի:

Մինչդեռ, որոշ քաղաքական ուժեր, այդ թվում «Արդար Ռուսաստան» կուսակցությունը մտավախություն ունեն, որ նոր օրենքը կարող է առիթ տալ միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների կարգավիճակի օրինականացման համար և ազգամիջյան անկայունության պատճառ դառնալ:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, քվեարկությունից մեկ օր առաջ ամփոփվեցին մեկ այլ նախաձեռնության՝ հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի արդյունքները: Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 36,8 հազար մարդ: 2012-ին այդ թիվը գրեթե երկու անգամ ավելի էր՝ 63 հազար: Ըստ ռեգիոնների նախարարության, ամենից շատ ձգտում են Ռուսաստան տեղափոխվել Ուզբեկստանի, Ղազախստանի ու Մոլդովայի քաղաքացիները: Հայաստանից և Ուկրաինայից ցանկանում է տեղափոխվել հայտ ներկայացնողների միայն 8 տոկոսը:

Ըդնհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից ի վեր 2006 թվականից Ռուսաստան է ներգաղթել 162 հազար մարդ, թեև, սկզբում նախատեսվում էր մոտ 300 հազար մարդու ընդունել առաջին երեք տարում: Միևնույն ժամանակ, ինչպես անցյալ տարվա ավարտին հայտարարեց Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, Ռուսաստանը մինչև 2025 թվականը տարեկան մոտ 300 հազար ներգաղթյալի կարիք ունի:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է մեղմացնել միգրացիոն քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների համար: «Այս պահի դրությամբ կողմերը պայմանավորվածության են հասել միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու մասին, այդ խնդրին սեղմ ժամկետում լուծում տալու համար»,- ասել էր Բաղդասարյանը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտին:

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել միգրանտների մասին օրենքի ուղղումները: Համաձայն դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օրից կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

Նա հայտնել էր նաև, որ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։

Ինչպես գրել է ռուսական REX գործակալությունը, համաձայնագրում փոփոխությունները ենթադրում են, որ մուտք գործելուց 5 ամիս անց լքելով Ռուսաստանը, վերադառնալ կթույլատրվի արդեն մեկ ամսից։ Այդ փոփոխությունները կատարելու մասին արձանագրությունն այժմ հաստատվում է ՀՀ ու ՌԴ համապատասխան մարմիններում։

ՌԴ Պետդումա էր ներկայացվել նաև օրինագիծ, որի համաձայն միգրանտներին չի տրվի աշխատանքի թույլտվություն, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեությունն է ՌԴ այցելության պատճառը: Նախաձեռնության հեղինակը Դումայի Անվտանգության ու հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան է «Միասնական Ռուսաստանից»:

Մասնավորապես, առաջարկվում է օրենքում արձանագրել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներգաղթյալը պետք է նաև միգրացիոն քարտ ներկայացնի, որտեղ որպես այցի նպատակ նշված է աշխատանքը: 2013-ին առաջին կիսամյակում ՌԴ ԴՄԾ մարմիններում հաշվառման վերցված ՀՀ քաղաքացիների քանակը հասել է 275 169:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---