ՌԴ քաղաքացիության արագացված ընդունման մասին օրինագծի քողարկված խութերը

ՌԴ քաղաքացիության արագացված ընդունման մասին օրինագծի քողարկված խութերը

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ինստիտուտը Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ հանդես է եկել հայտարարությամբ Ռուսաստանի Պետդումայում քննարկվող ՌԴ քաղաքացիության տրամադրման կարգի պարզեցման մասին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայտարարության համաձայն, օրինագիծը վերաբերում է միայն այն հայրենակիցներին, որոնք մշտապես բնակվում են Ռուսաստանում, և մասնակիորեն կարող է կիրառվել Ղրիմի ու Սևաստոպոլի բնակչության մի մասի դեպքում, որոնք դուրս են օպտացիայի ռեժիմից, ինչպես նաև այն հայրենակիցներին, որոնք արդեն տեղափոխվել են Ռուսաստան.

«Այսպիսով օրենքը չի կարող տարածվել Ուկրաինայի հարավում ու արևելքում, Մերձդնեստրում և արտերկրում ռուսների ու ռուսալեզու բնակչության կոմպակտ բնակության վայրերի բնակիչների լայն զանգվածների վրա: ԶԼՄ-ները և իրենք պատգամավորներն իրենց հարցազրույցներում, դիտարկելով այդ օրենքը որպես արտերկրում ապրող ռուսների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու խնդիրների երկար սպասված լուծում, կամա թե ակամա մոլորեցնում են հանրությանը: Արտերկրի հայրենակիցներին ՌԴ քաղաքացիության տրամադրման հարցը մնում է չլուծված: Մենք վստահ ենք, որ հարկավոր է այն լուծել ուղղումներ կատարելով այժմ քննարկվող օրինագծում կամ նախապատրաստելով նոր, ավելի խորը բովանդակությամբ օրինագիծ»:

Ապրիլի 1-ին ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն տվեց ռուսալեզու հայրենակիցներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին կառավարական օրինագծին:

Ըստ նախաձեռնության, պարզեցված կարգից կօգտվեն այն մարդիկ, որոնք երբևէ ապրել են ՌԴ կամ ԽՍՀՄ տարածքում, կամ Ռուսական կայսրության տարածքում, կամ հարզատներ են ունեցել այնտեղ: Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար նրանք պետք է հրաժարվեն իրենց նախկին քաղաքացիությունից, մեկնեն Ռուսաստան և ռուսաց լեզվի քննություն հանձնեն:

Ընդ որում քննությունը պարզելու է ոչ թե հայցորդի գրագիտության մակարդակը, այլ ընդամենը լեզվին ազատ տիրապետելու և այն առօրյայում կիրառելու փաստը: Քննությունն անցածների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումին պատասխան կտրվի 3 ամսվա ընթացքում:

Պարզեցված կարգով ՌԴ մուտքի արտոնագրեր կտրվեն նաև քաղաքացիության համար Ռուսաստան մեկնողներին, պարզեցված կարգով կտրամադրվի նաև բնակության թույլտվություն: Ճիշտ է, եթե երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին այդպես էլ չդիմի քաղաքացիություն ստանալու համար, բնակության թույլտվությունը չեղյալ կհամարվի:

Ինչ վերաբերում է օրինագծին, որը ներկայացրել է ՌԴ կառավարությունը, ապա այն, ինչպես ասվում է Ինստիտուտի հայտարարության մեջ, առաջարկում է ՌԴ քաղաքացիության տրամադրման այսպես կոչված «պարզեցված» կարգ այն անձանց, որոնք հանդիսանում են ռուսաց լեզվի կրողներ, եթե վերջիններս հրաժարվեն նախկին քաղաքացիությունից: Ընդ որում առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու ավելի բարդ կարգ, քան գործողն է: ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին որոշումը կախվածության մեջ է հայտնվում այն երկրից, որի քաղաքացիությունն ունի դիմողը:

ԱՊՀ երկրների ինստիտուտն առաջարկում է օրինագծի նորմերը տարածել բոլոր հայրենակիցների վրա, անկախ նրանից, թե որտեղ են նրանք բնակվում, և հանել այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու պահանջը՝ ՌԴ քաղաքացիություն կամ բնակվելու իրավունք ստանալու համար:

Երկրորդ ընթերցմամբ օրինագիծը կարող է ընդունվել արդեն ապրիլի 4-ին:

Մինչդեռ, քվեարկությունից մեկ օր առաջ ամփոփվեցին մեկ այլ նախաձեռնության՝ հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի արդյունքները: Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 36,8 հազար մարդ: 2012-ին այդ թիվը գրեթե երկու անգամ ավելի էր՝ 63 հազար: Ըստ ռեգիոնների նախարարության, ամենից շատ ձգտում են Ռուսաստան տեղափոխվել Ուզբեկստանի, Ղազախստանի ու Մոլդովայի քաղաքացիները: Հայաստանից և Ուկրաինայից ցանկանում է տեղափոխվել հայտ ներկայացնողների միայն 8 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից ի վեր 2006 թվականից Ռուսաստան է ներգաղթել 162 հազար մարդ, թեև, սկզբում նախատեսվում էր մոտ 300 հազար մարդու ընդունել առաջին երեք տարում: Միևնույն ժամանակ, ինչպես անցյալ տարվա ավարտին հայտարարեց Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, Ռուսաստանը մինչև 2025 թվականը տարեկան մոտ 300 հազար ներգաղթյալի կարիք ունի:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է մեղմացնել միգրացիոն քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների համար: «Այս պահի դրությամբ կողմերը պայմանավորվածության են հասել միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու մասին, այդ խնդրին սեղմ ժամկետում լուծում տալու համար»,- ասել էր Բաղդասարյանը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտին:

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել միգրանտների մասին օրենքի ուղղումները: Համաձայն դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օրից կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

Նա հայտնել էր նաև, որ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ինչպես գրել է ռուսական REX գործակալությունը, համաձայնագրում փոփոխությունները ենթադրում են, որ մուտք գործելուց 5 ամիս անց լքելով Ռուսաստանը, վերադառնալ կթույլատրվի արդեն մեկ ամսից։ Այդ փոփոխությունները կատարելու մասին արձանագրությունն այժմ հաստատվում է ՀՀ ու ՌԴ համապատասխան մարմիններում։

ՌԴ Պետդումա էր ներկայացվել նաև օրինագիծ, որի համաձայն միգրանտներին չի տրվի աշխատանքի թույլտվություն, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեությունն է ՌԴ այցելության պատճառը: Նախաձեռնության հեղինակը Դումայի Անվտանգության ու հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան է «Միասնական Ռուսաստանից»:

Մասնավորապես, առաջարկվում է օրենքում արձանագրել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներգաղթյալը պետք է նաև միգրացիոն քարտ ներկայացնի, որտեղ որպես այցի նպատակ նշված է աշխատանքը: 2013-ին առաջին կիսամյակում ՌԴ ԴՄԾ մարմիններում հաշվառման վերցված ՀՀ քաղաքացիների քանակը հասել է 275 169:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---