Նախագահ. Մարդիկ կարծում են` ԿԲ նպատակը թանկ վարկեր տալն ու փող աշխատելն է 4 ապրիլի 2014 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկում ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցությանը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին, ինչի ուղղությամբ, ըստ նախագահի, կառավարությունն ակտիվորեն զբաղվում է: «Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք էապես մեղմել վնասները: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ` հիմա էլ պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերը մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն. «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին դրամայինով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար: Այս ուղղությամբ էլ մենք անելիքներ ունենք և պետք է անպայման շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»: Նրա համոզմամբ, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը և ֆինանսական համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ. «Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք և այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք և, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք»: Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետևանքով ստեղծված իրավիճակին և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Ապրիլի 4-ին ԱԳևորգյանը, գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղել ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպել բնակիչների հետ: Վերջիններս ներկայացրել են ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ստանձնած վարկային պարտավորություններին, մատչելի ոռոգման ջրով ու սերմացուով ապահովելու խնդիրներին, հայտնում են Տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից: Այնուհետև Եղվարդի տարածաշրջանի համայնքների և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվել Նոր Գեղիի համայնքապետարանում: Համայնքների ղեկավարները ներկայացրել են իրավիճակը: Քննարկվել են ցրտահարության հետևանքների մեղմանն ուղղված հետագա անելիքները, կարևորվել այգիների խնամքի, նոր մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման աշխատանքները, անդրադարձել են նաև հակակարկտային միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անհրաժեշտ սերմացուի տեսակների և ծավալների, ինչպես նաև պարարտանյութի լրացուցիչ պահանջարկի մասին հաշվարկները համայնքապետները կներկայացնեն մարզպետարան: Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառած կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չկա: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին: Ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել նախարարության մասնագետները արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ անզոր է եղել տարերքին համարժեք գործողություններ իրականացնել: Մինչ այդ` մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև: Գնահատելով վնասները` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշել էր. «Հայ գյուղացին լուրջ վնաս է կրել: Խոսքը 45-50 000 տոննա ծիրանի ցրտահարության մասին է»: Արմավիրի մարզպետարանից հայտնել էին, որ պտղատուները հիմնականում վնասվել են: Ծիրանենին, սալորենին, դեղձենին ամբողջությամբ ծաղկել էին ու 90-100 տոկոսով ցրտահարվել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |