ԵԽԽՎ-ն Քեսաբի վերաբերյալ գրավոր հայտարարություն է ընդունել

ԵԽԽՎ-ն Քեսաբի վերաբերյալ գրավոր հայտարարություն է  ընդունել

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, նախաձեռնել էին Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գրավոր հայտարարության տեքստ, որով դատապարտվում էր Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ուեցած ահաբեկչական հարձակումը։ ԵԽԽՎ-ում ընդունված գրավոր հայտարարությունն անվանվել է «Քեսաբ. Դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։

Հայտարարության տակ ստորագրած ԵԽԽՎ պատգամավորներն իրենց լուրջ մտահոգությունն են արտահայտում վերջերս Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Քեսաբում, իրավիճակի սրման շուրջ, որը հիմնականում բնակեցված է հայերով, գրում է Panorama.am-ը։

«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։

Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։

Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։

Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի անփոխարինելի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»,-ասվում է ընդունված գրավոր հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից։

Միևնույն ժամանակ Armenia Today կայքը գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի` մարտի 27-ին արված հայտարարությունն անվանել է «ամոթալի զրպարտություն» և «անհիմն մեղադրանք»: Հայ դիվանագետը հայտարարել էր, որ ծայրահեղական խմբավորումները և, մասնավորապես, «Ալ Քաիդան» հարձակման ժամանակ օգտագործել են Թուրքիայի տարածքը և հենց այնտեղից ներխուժել Քեսաբ:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը ի պատասխան ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցադրման հայտարարել է, որ Քեսաբի վերաբերյալ «որոշ պնդումներ» պետք է ուսումնասիրվեն, գրում է Tert.am-ը:

Զոհրաբյանը հայտարարել է. «Վստահաբար տեղյակ եք, որ մարտի 21-ին Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել են ու հարձակվել սիրիական հայաբնակ Քեսաբի վրա: Եվ Թուրքիան ակնհայտ ռազմական օժանդակություն է տրամադրել զինյալներին՝ հրթիռակոծելով այդ սիրիական տարածքները: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին կատարվող այս ոճիրը ցեղասպանության շարունակությունն է: Որպես ԵԽ ՆԿ նախագահ չե՞ք կարծում, որ մեր կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, հրատապ պիտի անդրադառնա այդ խնդրին՝ լսումներ կազմակերպելով, և հստակ գնահատական տա տեղի ունեցած ոճրագործությանը»:

Պատասխանելով հայտարարության` ՆԿ նախագահը հայտարարել է. «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն է: Ցանկացած դեպքում անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից, քաղաքացին, մարդը պետք է օգտվի իր իրավունքներից, և մենք պետք է ամեն ինչ անենք մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության իրավունքները պաշտպանելու համար: Ինչ վերաբերում է Ձեր որոշ պնդումներին, ապա կարծում եմ՝ պետք է առավել մանրամասն ուսումնասիրել խնդիրը»:

Քեսաբի խնդրին է անդրադարձել նաև «Ակօս» շաբաթաթերթը` գրելով, որ Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի՝ զինյալների կողմից գրավումից հետո տեղի 6000 տարվա պատմությունից մինչև մեր օրերը հասած մշակութային արժեքները վտանգի տակ են հայտնվել։ Վտանգի տակ են նաև բնակավայրի՝ մեր օրերում մասամբ պահպանված ավանդույթները։

Ավանի անթիվ ճարտարապետական և մշակութային կոթողների ապագան, ցավոք, անհայտ է։ Քեսաբը միայն հայկական ճարտարապետության նմուշ եկեղեցիներն ու պատմական կոթողները չեն, այն Ցեղասպանությունից հետո մեծաթիվ հայերի ապաստան դարձած վայրերից մեկն է և հայության համար կարևոր մշակութային կենտրոն է համարվում։ «Քեսաբը երկար ժամանակ է՝ Հալեպից, Բեյրութից, Դամասկոսից բացի աշխարհի շատ վայրերից եկող հայերի համար ամռան ամիսներին հանդիպելու վայր էր դարձել։ Քեսաբում շատերն ամառանոցներ էին գնում։ Տարածաշրջանը ոչ միայն հայերի, այլև Ծոցի երկրներից եկած տարբեր ազգությունների զբոսաշրջիկների համար կենտրոն էր դարձել։ Քեսաբում և հարևան շրջաններում հողատարածքների գներն այնքան էին աճել, որ դրանք գյուղատնտեսական նպատակներով օգտագործելն արդեն շահաբեր չէր»,- գրում է «Ակօս»-ի հոդվածագիր Վահագն Քեշիշյանը։

Վերջին 10 տարիներին տեղի ունեցած բազմաթիվ փոփոխություններով հանդերձ՝ Քեսաբի ժողովուրդը պահպանում է շատ ավանդույթներ։ 2011թ.-ի մարտին, երբ պատերազմն սկսվեց (Սիրիայում), Քեսաբի խնձորը շարունակում էր Սիրիայի 4 կողմում ամենալավի համբավը վայելել։ Քեսաբում երկու այլ բան էլ էր արտադրվում, որոնք ֆինանսապես ավելի վստահելի աղբյուր էին՝ խնձորից ստացվող եկամտին զուգահեռ. դա խաղողն ու օճառն էր։

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը:

Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին 70 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

Չհաստատված տեղեկություններով Սիրիայի բանակին արդեն հաջողվել է ազատել քաղաքը ապստամբներից։ Իսկ մինչև այդաշխարհում գնալով ավելի շատ են խոսում Քեսաբի վերջին իրադարձությունների մասին, ապստամբների վայրագությունների մասին ավելի շատ ԶԼՄ-ներ գրում, արձագանքներ կան նաև քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների կողմից։ Սպիտակ տան We the people կայքում խնդրագիր է զետեղվել, որով կոչ է արվում կասեցնել կոտորածը Քեսաբում: Այն տեղադրվել է մարտի 28-ին և արդեն 10 հազարից ավելի ստորագրություն հավաքել: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հավաքել 100 հազար ստորագրություն, որպեսզի խնդրագիրը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---