Ջրամբար` Թուրքիայում հայկական գերեզմանոցի տեղում

Ջրամբար` Թուրքիայում հայկական գերեզմանոցի տեղում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բինգյոլ նահանգի (Բյուրակն) Յայլադերե գավառում հայկական գերեզմանոցում հորատումներ են կատարվում: Այդ մասին Ermenihaber լրատվականին հայտնել է ընթերցողներից Սեդաթ Բիրոլը` տրամադրելով նաև լուսանկարներ:

Հորատման աշխատանքներն իրականացվում են զինվորականների կողմից, պատճառաբանությունն այն է, թե ջրամբար է կառուցվում: Այժմ մարդկանց աճյունների ոսկորները դուրս են եկել հողի մակերես: Բիրոլը նշել է, որ իրենք ակնկալում են հնէաբանների միջնորդությունը: Հարկ է, որ նրանք դատապարտեն կատարվածը և կոչ անենդադարեցնել այդ աշխատանքները:

Խնդրի մասին տեղեկացվել է Բինգյոլի պատգամավոր Իդրիս Բալուքեին: Վերջինս հայտնել է, որ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

2013-ի մայիսին Ermenihaber-ը գրել էր նմանատիպ մեկ այլ դեպքի մասին, երբ քանդվել էր նախկինում հայերով բնակեցված Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհի շրջանի սբ Հովհաննես եկեղեցին: Եկեղեցին առանց քաղաքապետարանի թույտվության վերածվում է մահմեդական կրոնական կրթություն ստացող աղջիկների ուսանողական հանրակացարանի:

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Սիիրթի մասնաճյուղը ուսումնասիրել է Էրուհի շրջանում հայերին պատկանող եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացման քաղաքականությունը և հանդես եկել զեկույցով: İHD ներկայացուցիչները ցույց են տվել սբ Հովհաննես եկեղեցու հայատառ հուշաքարերի լուսանկարները, որոնց վրա խաչ կա` տեղեկացնելով, որ այդ քարերն օգտագործվել են շինարարության մեջ:

Էրուհ-Սիիրթ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել էր մոտ 100 հայկական գերեզման: Շինարարության ընթացքում մահացածների ոսկորներն այս ու այն կողմ էին նետվել: Գյուղացիները հետագայում դրանք հավաքել ու ամփոփել էին հողում:

«Սա հայ ժողովրդի հավատքի և կենցաղի նկատմամբ վիրավորանք է: Տիրող իրավիճակի պատասխանատուների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի: Անհրաժեշտ է դադարեցնել այս շինարարությունը: Ուսանողական հանրակացարանը թող մեկ այլ տեղ կառուցվի»,-ասել էր իրավապաշտպան Զանա Աքսուն' շինարարությունը գնահատելով որպես հետին միտք ունեցող արարք: Նա հայտարարել է, թե 1915-ին սկսված և շարունակվող Հայոց ցեղասպանության գաղափարը Սիիրթում փորձում են թարմ պահել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---