Հայոց ցեղասպանության հարցը մեծ խնդիր է Թուրքիայի համար

Հայոց ցեղասպանության հարցը մեծ խնդիր է Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Հայկական հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության համար ամենաբարդ խնդիրներից մեկն է: Ներքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության հարցը գլխավոր «գրգռիչն է» թուրք աջակողմյանների համար: 1910-ական թվականների իրադարձությունների մեկնաբանությունն Անկարայի համար մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, այլ նաև Եվրամիության: Վերջին հաշվով այն անդրադառնում է թուրքական «զրո խնդիրներ հարևանների հետ» հայեցակարգի իրականացման վրա: Հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի սպանությունները բանավեճի առարկա են դառնում հայ-թուրքական հարաբերություններից դուրս և մեծ շրջանակում, ինչն իր անդրադարձն է ունենում տարածաշրջանային ու գլոբալ ամբողջ համատեքստի վրա, գրում է «Արտաքին քաղաքականություն» վերլուծական գործակալությունը:

Ըստ հեղինակի, Հայոց ցեղասպանության հարցը կարևոր է հայ ժողովրդի համար, որը ձգտում է վերականգնել պատմական արդարությունը և հույս ունի հատուցում ստանալ թուրքական կողմից հայերի զանգվածային կոտորածի համար Օսմանյան կայսրությունում 1914-1915 թվականներին: Մեկնաբանելով իրադարձությունները որպես ցեղասպանություն՝ Հայաստանն ու համաշխարհային հայությունը ամբողջական ենթատեքստ է դնում այդ հասկացության մեջ, ոչ թե իրավաբանական, քանի որ ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է միայն 1949 թվականին: Ընդ որում Երևանը հուսով է, որ ֆինանսական փոխհատուցում կստանա կամ նույնիսկ կվերադարձվեն 1920 թվականին Հայաստանի կորցրած հողերը:

«Հայկական շրջանակներն ակտիվորեն ազդում են եվրոպացի ու ամերիկացի քաղաքական գործիչների վրա, որոնցից շատերը ցեղասպանության հարցում անտարբեր են, ուստի պատրաստ են օգտագործել այն իրենց շահերից ելնելով: Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարության համար Անկարայի կողմից ցեղասպանության ժխտումը կարևոր խորհրդանշական խոչընդոտ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին: Մի շարք երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է օրենսդրորեն, իսկ Ֆրանսիայում նույնիսկ փորձեցին քրեականացնել Ցեղասպանության ժխտումը:

2002 թվականից Թուրքիայում իշխող «Արդարության ու զարգացման կուսակցությունը» ձգտում է նպաստել հարաբերությունների բարելավմանը հարևանների հետ: 2008-2009 թթ. Անկարան ու Երևանը առաջին անգամ մոտ էին դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Սակայն Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում, որոնց կտրուկ դեմ արտահայտվեց ընդդիմությունը:

Պայմանավորվածության կարևոր կետերից էր պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը 1915 թվականի հայերի ցեղասպանության հարցի ուսումնասիրության համար:

Թուրքիան մինչ օրս կտրականապես դեմ էր ցեղասպանության ճանաչմանը, խուսափում է ցեղասպանություն բառից ինչպես պաշտոնական ելույթներում, այնպես էլ մամուլում: Այդ համատեքստում թուրք վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը հայերի զանգվածային սպանությունների մասին կարելի է դիտարկել որպես ընդառաջ քայլ հայ գործընկերներին և հենց այդպես են դա ընկալում Անկարայում: Միևնույն ժամանակ, եթե ուշադիր ընթերցենք հայտարարության բովանդակությունը, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան ներողություն չի խնդրում Օսմանյան կայսրությունում գործողությունների համար, այլ խոսում է կայսրության բոլոր ժողովրդների ընդհանուր անցյալի մասին, երբ տուժել են բոլոր ժողովուրդները: Այլ կերպ ասած, Էրդողանը պնդում է, թե կայսրության բոլոր ժողովրդները նույնատիպ բարդությունների են հանդիպել պետության կողմից, որը դադարել է գոյություն ունենալ, որ դա պետք է հիշել, բայց հաշտեցման ուղիներ փնտրել հանուն ապագայի: Էրդողանի բառերը հնչեցին հայերի համար հիշարժան այն օրերին, երբ ամբողջ աշխարհում կրկին արծարծվեց ցեղասպանության հարցը: Դա վնասում է Թուրքիայի հեղինակությանն արտաքին քաղաքականության մեջ, որը, շատերի կարծիքով, բավականաչափ չի զատվում Օսմանյան կայսրությունից: Անկարայի համար հատկապես լավ չստացվեց, որ Ցեղասպանության հիշատակի օրերը համընկան սիրիական հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների հետ, որտեղ թուրք ծայրահեղականների գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչներ զոհվեցին: Էրդողանն իր հայտարարությամբ ձգտում է ոչ այնքան ներողություն խնդրել հայերից, որքան ցույց տա, որ Թուրքիան, ինչպես և Օսմանյան կայսրությունը, հանդուրժող է հարևան ժողովրդների հանդեպ, որոնց հետ կապված է ընդհանուր պատմությամբ, իսկ կարևորն՝ ընդհանուր ապագայով»,-ասվում է հոդվածում:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Oսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---