BBC. Քեսաբի վրա հարձակումը Թուրքիային դժվար կացության մեջ է դրել![]() 5 մայիսի 2014 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Քեսաբի վրա իրականացված հարձակումը Թուրքիային դժվար կացության մեջ է դրել։ Սիրիացի զինյալները ռազմավարական առավելության հասնելու համար Քեսաբ ավանը գրավելուց հետո երկրում միլիոնավոր փախստականներին նորերն ավելացրին, անդրադառնալով Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերին` գրում է բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունը։ Քեսաբից հեռացածներն իրենց հետ տեղի ունեցածի համար մեղադրեցին Թուրքիային, իսկ Անկարայի՝ «Ալ Կաիդա» խմբավորմանն աջակցություն հայտնելու մասին մեղադրանքներին նորերն ավելացան։ Ավանը գրաված խմբերի թվում «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող «Նուսրայի ճակատ» խմբավորման ու այլ ծայրահեղական խմբերի՝ Թուրքիայի սահմանը հատելու տեսանյութը բուռն արձագանքի պատճառ դարձավ, և մեղադրանքներն ավելացան։ Թուրքիայի Ազգային վիճակագրական կենտրոնը գրում է, որ 2013 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության ու զարգացման կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը Սիրիայում գործող ավազակախմբերին մոտ 53 հազար դոլարի զենք ու զինամթերք է մատակարարել, իսկ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում՝ 115 հազար դոլարի: Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը ընդդիմադիր թուրքական Аydinlik թերթի վրա հղումով, զինամթերքը Սիրիա է հասել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող սահմանային անցակետերով: Քեսաբից փախչելով Լաթաքիա հասած հայերը, առանց իրենց անունները նշելու, պատմում են, թե ինչպես Թուրքիայի աջակցությամբ տեղի ունեցավ հարձակումն ու ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը պատմում են, որ հարձակմանն անպատրաստ են եղել, քանի որ այն անսպասելի է սկսվել։ Շատերն առավոտյան 6-ին պայթյունների ուժգին ձայներից են արթնացել և սկսել են մեքենաներով Լաթաքիա մեկնել։ Գիշերանոցներով, առանց գումար, թանկարժեք իրեր, անգամ առանց անձնագրերը վերցնելու են հեռացել։ «Միայն մեր կյանքը փրկել էինք ցանկանում»,- պատմել է կանանցից մեկը։ Ոմանք, չնայած ուժգին ձայներին, մտածել են, որ բախումները մի քանի ժամից կդադարեն, կանանց և երեխաներին Լաթաքիա են ուղարկել, իսկ իրենք մնացել են Քեսաբում։ Քեսաբից բախումների երկրորդ օրը հեռացած հայերից մեկն ասել է, որ իր տունը սահմանին շատ մոտ է և մարտի 21-ի լուսադեմին սկսված բախումները տեսել է թուրք-սիրիական սահմանից։ «Արթնացա առավոտյան 5-ին։ Որդիս զանգեց, ասաց, որ Քեսաբի վրա հարձակման մասին խոսակցություններ է լսել։ Ճշտելու համար դուրս եկա, որ նայեմ։ Երկու անցակետ կար, որտեղ 3-4 սիրիացի զինվոր էր լինում, տեսա, որ դրանց վրա հրթիռներ են ընկնում։ Ապա «Ալլահ ու աքբար» գոռոցներ լսեցի։ Սահմանի բոլոր կողմերից սև հագնված զինյալ մարդիկ Քեսաբ էին մտնում։ Թուրք զինվորներն առջևում էին։ Տեսա՝ բոլորը հեռակապով հրամանատարներ էին։ Մենք տեսանք, որ Թուրքիայի կողմից երկու հրթիռ արձակվեց։ Ընդդիմությունը նման տեխնիկա չունի։ Թուրքական կառավարությունը որքան էլ ասի, թե Քեսաբի հարձակմանը չեն մասնակցել, մենք տեսանք՝ այդ հրթիռները Թուրքիայի կողմից եկան» ։ BBC-ի թուրքական ծառայության թղթակցի այցը համընկել է եկեղեցում 1915թ.- ապրիլ 24-ի զոհերի հիշատակի միջոցառմանը։ Նրանք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն անկեղծ չեն համարում։ Եկեղեցում հավաքված հայերից մեկը նշել է, որ իրենք հարևան թուրքական գյուղերի հետ լավ հարաբերությունների մեջ են։ «Մենք թուրք ժողովրդի հետ խնդիր չունենք։ Պետությունը թող ասի, որ «Իթթիհաթ վե Թերաքիին» է արել Ցեղասպանությունը, բայց ճանաչի մեր ցավը, թող չժխտի»։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայում ցավակցական ուղերձ հղողն ու Քեսաբի սահմանը հարձակման համար բացողը նույն կառավարությունն է։ Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար: Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Ըստ սիրիացի զինվորականների, մոտ 2,5 հազար գրոհայինները ներխուժել են Սիրիա ոչ միայն Քեսաբի վրա հարձակվելու նպատակով: Նրանք մտադիր էին զավթել ռազմավարական նշանակության թիվ 45 բարձունքը: Դա նրանց հաջողվեց ընդամենը 48 ժամով: Սիրիացիները պնդում են, որ այժմ բարձունքը վերահսկում են բանակայինները: Զինվորականները մտադիր են տարածաշրջանն ազատել գրոհայիններից արդեն մոտ օրերին: Լաթաքիայի հյուսիսում բանակային ստորաբաժանումները վերահսկում են Ջեբալ ալ Հարամիա շրջանը, որը գտնվում է Ջեբալ ան Նեսր շրջանից դեպի հարավ: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |