ԱՄՆ Պետդեպ. Ուորլիքը նոր բան ասելու մտադրություն չուներ

ԱՄՆ Պետդեպ. Ուորլիքը նոր բան ասելու մտադրություն չուներ

PanARMENIAN.Net - Քարնեգի կենտրոնում ունեցած ելույթում դեսպան Ջեյմս Ուորլիքը շարադրել է ԱՄՆ քաղաքականությունը և հայտնի սկզբունքները, որոնք հիմք են ծառայելու խաղաղ կարգավորման համար: Այդ մասին մայիսի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտարարությունն ինչ-որ նոր բան է ազդարարում և պետք է նոր ջանքեր սպասել ԱՄՆ-ից տեսանելի ապագայում, Փսակին ասել է. «Չեմ կարծում, որ հայտարարության նպատակն էր ինչ-որ նոր բան ազդարարելը, ուղղակի հաստատվեց մեր տարիներ շարունակ հայտնի դիրքորոշումն ու հավատարմությունը այդ գործընթացին»:

Ինչ վերաբերում է մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկմանը Կալիֆորնիայի խորհրդարնում, ապա Փսակին նշել է, որ ծանոթ չէ դրան: «Պետք է ստուգեմ ու տեսնեմ, թե ունի արդյոք Պետդեպարտամենտը մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ»:

Պետդեպի ներկայացուցիչը նաև նշել է, որ իրազեկված չէ Ուկրաինայում իրադարձությունների ու Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորման գործընթացի միջև կապի մասին, քանի որ նման հարց հնչեց:

«Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացին և շարունակում ենք մնալ համանախագահ երկիր: Ձեզ նաև հայտնի են մեր ջանքերն Ուկրաինայում: Իրազեկված չեմ այդ իրադարձությունների միջև որևէ կապի մասին»,- հավելել է Փսակին, հայտնում է Armenia Today-ը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Իր ելույթի սկզբում նա խոսել է կողմերի բևեռացված դիրքորոշումների ու դեռևս չհամաձայնեցված հարցերի մասին և նշել է, որ անհրաժեշտ է աջակցել կողմերին, որպեսզի նրանք, նույնիսկ վստահության բացակայությանն պայմաններում, վճռական քայլ կատարեն:

Ուորլիքն ասել է, որ խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու դիմաց,և այն հնարավորություն կընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից: Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ուղևորությունների և իր բոլոր հարևանների հետ կապերի նոր հնարավորություններից: Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:

Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից, հավելել է նա:

Ոչ պակաս կարևոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի արդյունքում կրում են պետական բյուջեները.դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, ասել է ամերիկացի համանախագահը:

Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ եկող շաբաթ կրկին նախատեսում է այցելել տարածաշրջան՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում և օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է: Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: «Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել և անել այն ամենը, ինչ կարող է: Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը և բնակչությանը նախապատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---