Համալիրի տնօրինությունը դիմել է վերաքննիչ դատարան. Ասում են` աճուրդն անօրինական է

Համալիրի տնօրինությունը դիմել է վերաքննիչ դատարան. Ասում են` աճուրդն անօրինական է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձում է իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ` ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն: Այս կարծիքին է Մարզահամերգային համալիրի տնօրինությունը: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս փուլում նման գործելաոճն անընդունելի է, քանի որ «սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ: Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնել է այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին»:

«ԴԱՀԿ-ն խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և 8-րդ հոդվածը, համաձայն որի կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն պարզաբանման վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից: Համոզված ենք, որ պատկան մարմինների գործուն միջամտության արդյունքում կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 21-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել էր աճուրդի, մեկնարկային գինը սահմանվել 19.350.000.000 ՀՀ դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար): Ըստ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի, համալիրը գրավի առարկա է։ Աճուրդը կավարտվի մայիսի 29-ին:

Միևնույն ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մտահոգություն է հայտնել` Մարզահամերգային համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա այն մասին, որ այն հուշարձան է, մշակութային արժեք է, առնված է պետության պահպանության տակ: Ըստ նրա, սա իրավական խախտում է, քանի որ խաբում են գնորդին, գրումէ Panorama.am-ը:

«Օրինակ, ասենք գնորդը լիներ Ալեքսանյան Սամվելը, հաճորդ օրը շենքի ներսում սուպերմարկետ է բացում, ծածկի մի մասը խանգարում է, հանում է: Բայց այս ամենն այս աճուրդով արգելված չէ: Կյանքի դառը փորձն անտեսված է կառավարության կողմից, որովհետև աշխատում են մարդիկ, ովքեր միայն բիզնես մտածելակերպով են առաջնորդովում»,- ասել է ճարտարապետը:

ՄՀՀ ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանն էլ նշել է, թե իրականում գնորդի ով լինելը կարևոր չէ. միայն պետք է երաշխիքներ լինեն, որ կառույցը շարունակելու է ծառայել իր նպատակին, քանի որ Մարզահամերգային համալիրն անհրաժեշտություն է քաղաքի համար: Ըստ ճարտարապետի, շենքի նախկին տերերն այն գնելուց հետո բավականին աշխատանք են տարել, ու այսօր շենքը նորմալ պայմաններում է գտնվում, այսինքն` պահպանման հարցում եղել է պարտաճանաչ:

Աճուրդ հայտարարելուց հետո ԴԱՀԿ-ն պարզաբանել էր որշումը: Ծառայության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«2014-ի ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:

Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում 2014-ի մայիսի 15-ին վերսկսվել է հայցի ապահովման վերաբերյալ նախկինում ավարտված կատարողական վարույթը, և մայիսի 16-ին որոշում կայացվել փորձաքննություն նշանակելու մասին` կատարողական թերթում նշված գույքի գնահատման նպատակով: Փորձագետի եզրակացությամբ նշված գույքը գնահատվել է 25.800.000.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով մայիսի 5-ին որոշվել է գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19.350.000.000 ՀՀ դրամ` ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:

Պարտապան «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաբերյալ մայիսի 20-ի դրությամբ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր 511.992.968 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով»:

Մայիսի 22-ին ՄՄՀ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում է, թե համալիրի` որպես պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել, ԴԱՀԿ-ն էլ, որի կայքում տեղադրված է աճուրդի մասին տեղեկությունը, հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն:

Համալիրի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:

«Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը:

ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով:

Մարզահամերգային համալիրի շենքը` որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, քանի որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում, աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը:

2014-ի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է Վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդին»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։

Մարզահամերգային համալիրը 5.700.000 դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005-ի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---