Ազերիները «հանդարտվել են»՝ հրադադարն անցած շաբաթ խախտելով 700 անգամ սովորական 1000-ի փոխարեն

Ազերիները «հանդարտվել են»՝ հրադադարն անցած շաբաթ խախտելով  700 անգամ սովորական 1000-ի փոխարեն

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1․000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10․000 կրակոց: Մայիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:

«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ: Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջադեպի մասին նախարարությունը կողմից տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ:

Մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը: Մեկնաբանելով տեղեկությունը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ լարվածություն սահմանին կա, սակայն, չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լավրված է, քան նախկինում: «Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը պարբերաբար կրկնվում է, լարվածություն միշտ կա, քանի դեռ, մենք գործ ունենք հակառակորդի հետ»,-հավելել է նա:

Ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: Բայց մինչև այդ՝ մայիսի 20-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը, ով ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվորի մահվան պատճառը նույնպես հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։Դեպքը կատարվել էր մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում․ մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, ևս մեկ սպա վիրավորվել էր։ Զինծառայողի մահվան ու ևս մեկ զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---