ANCA-ն Օբամային հորդորում է փրկել Հալեպի բնակիչներին

ANCA-ն Օբամային հորդորում է փրկել Հալեպի բնակիչներին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային միջամտել ու փրկել Հալեպի խաղաղ բնակչությանը իսլամիստների հարձակումներից: «Հալեպը պաշարված է ջիհադականների կողմից: Հիմա, երբ ես գրում եմ ձեզ, քաղաքը դաժանաբար հրթիռակոծվում է, քանդվում են տները, եկեղեցիները, դպրոցները, հիվանդանոցներն ու ձեռնարկությունները: Դարավոր հայկական թաղամասերն անհետանում են, դրանք ոչնչացնում են «Ալ Քայիդայի» հետ կապված ահաբեկիչները՝ Ամերիկայի թշնամիները Թուրքիայի ակտիվ աջակցությամբ: Հալեպի բնակչությունը մնացել է անօթևան, առանց սննդի ու ջրի, առանց պաշտպանության միջոցների: Նրանք դարձել են կռվող կողմերի պատանդը, որոնց նպատակն է ոչնչացնել բնակչությունը: Հայ համայնքը չի կարող ընդունել և չի ընդունի ԱՄՆ կառավարության անգործությունը Հալեպի հարցում»,-գրում է Քեն Խաչիկյանը: ANCA նամակն ավարտվում է նախագահին ուղղված խնդրանքով՝ «արտահերթ նիստ գումարել հայ համայնքի ղեկավարների, եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ ոչ ուշ, քան հաջորդ շաբաթվա ընթացքում, քննարկելու համար Հալեպի փրկության հարցը»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը սկսել է #SaveAleppo արշավը: Հայ բնակչությունը, որը կազմում է սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը, վերջին օրերին գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածում են աղետի գոտու:

ANCA-ն հորդորում է հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային և կոչ անել նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին քրիստոնյաների թաղամասերի գնդակոծությունը դադարեցնելու համար, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և երրորդը՝ պատասխանել վերջապես ANCA-ի հարցմանը Թուրքիայի դերկատարության մասին Քեսաբի վրա հարձակման գործում:

Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչի անունով, կոչ անելով գործել դադարեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայ բնակչության զանգվածային ոչնչացումը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---